Նյու Յորքի դատախազությունը պատրաստվում է նոր մեղադրանքներ առաջադրել ԱՄՆ-ի կողմից ձերբակալված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։ Դրանք առնչվում են վերջին տարիներին վենեսուելական բանտերում պահվող ամերիկացիներին ենթադրյալ խոշտանգումների ենթարկելուն, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրներին։
Ըստ այդ աղբյուրների՝ այդ մասին կարող է հայտարարվել արդեն հինգշաբթի՝ հոկտեմբերի 8-ին։
Հեռուստաալիքի զրուցակիցները հստակեցրել են, որ նոր մեղադրանքները կապված են Մադուրոյի իշխանության տարիներին Վենեսուելայում ավելի քան մեկ տասնյակ ԱՄՆ քաղաքացիների ենթադրյալ ապօրինի կալանավորման հետ (ըստ ԱՄՆ կողմի գնահատականի)։
Աղբյուրներից մեկը հավելել է, որ քննիչները քննարկում են նաև ևս մի քանի անձանց մեղադրանք առաջադրելու հնարավորությունը՝ ամերիկացիների խոշտանգումներին ենթադրյալ մասնակցության համար։
2026 թվականի սկզբին Միացյալ Նահանգները ռազմական գործողություն իրականացրեց, որի ընթացքում Վենեսուելայից դուրս բերեց նախագահ Մադուրոյին և նրա կնոջը։ Գործողության պաշտոնական առիթն այն էր, որ Մադուրոն ԱՄՆ-ում հետախուզման մեջ էր գտնվում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։
Մադուրոյի և նրա կնոջ դատավարությունը նշանակված է 2027 թվականի հունիսի 1-ին։
Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում այն դեպքում, եթե երդվյալ ատենակալները հաստատված համարեն, որ նրանք մասնակցել են ԱՄՆ կոկաին ներկրելու դավադրությանը։




























