Հավանության է արժանացել Հայաստանի և Ղրղզստանի կառավարությունների միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին համաձայնագրի ստորագրման առաջարկը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։
Փաստաթղթով սահմանվում է կողմ պետությունների քաղաքացիների պարտավորությունը՝ երկրում 30 օր գտնվելուց հետո գրանցվել ներքին գործերի մարմիններում։
Երկու երկրների քաղաքացիները հավասար հիմունքներով մինչև 90 օր ժամկետով մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու, ելք կատարելու, տարանցիկ տեղաշարժվելու և գտնվելու իրավունք կունենան, սակայն առանց հաշվառման նրանց գտնվելու ժամկետը չպետք է գերազանցի 90 օրը (180 օրվա ընթացքում)։
Համաձայնագիրը սահմանում է նաև արտասահման մեկնելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի ցանկը։ Հայաստանի քաղաքացիների համար դրանք են անձնագիրը, նույնականացման քարտը, դիվանագիտական անձնագիրը և այլ փաստաթղթեր։
Բացի այդ, նախարարների կաբինետը հավանություն է տվել Հայաստանի և Ղրղզստանի կառավարությունների միջև հետընդունման մասին համաձայնագրի կիրարկման կարգի վերաբերյալ արձանագրության ստորագրման առաջարկին, որի նպատակն է երկու երկրների միջև զարգացնել միգրացիայի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը։





























