Առաջիկայում Կառավարության դատին կհանձնվի երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիրը։ Այս մասին Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարի պարզաբանմամբ՝ աջակցության չափն այսուհետ կլինի ֆիքսված 1 միլիոն դրամ՝ անկախ երեխաների թվից կամ հիպոթեքի մայր գումարի մնացորդից (նախկինում 500 հազար դրամ էր, որն ավելանում էր՝ ըստ երեխաների քանակի)։
Բացի այդ, ֆինանսական աջակցություն ստանալու պարտադիր պայման է դառնում դիմելու պահին այլ բնակարան չունենալը, ինչպես նաև վերջին 12 ամսվա ընթացքում տուն վաճառած չլինելը։
«Եթե նախկինում հիպոթեքային աջակցության ծրագիրը գործում էր մինչև 35 միլիոն դրամ արժողությամբ բնակարանների համար, ապա այժմ վերին շեմը հասցվել է 40 միլիոն դրամի», — ընդգծել է Թորոսյանը՝ հավելելով, որ նոր կարգը նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2027 թվականի սկզբից։





























