Կարինե Սիմոնյանն ամուսնացել է 17 տարեկան հասակում, ով 13 տարի շարունակ բռնության ու ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից եւ միայն 10 օր առաջ է համաձակվել վերցրել երկու երեխաներին ու փախչել տնից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ինքը` 29-ամյա Կարինեն:

Նա ամուսնու հետ ծանոթացել է 1997թ-ի փետրվարին, երբ դեռ 8-րդ դասարանում էր սովորում, իսկ դեկտեմբերին արդեն ապագա ամուսինը գնացել է բանակ: Կարինեն ունենալով բազմաթիվ երկրպագուներ սպասել է Աշոտին ու ամուսնացել նրա հետ, բայց երկարատեւ ամուսնական կյանքից հետո 10 օր առաջ 2 երեխաների հետ փախել է տնից եւ պատրաստվում է ամուսնալուծվել:

Կարինեի պատմելով, ամուսինը համատեղ կյանքի հենց առաջին օրերից սկսել է խանդի հողի վրա իր վրա ձեռք բարձրացնել: «Կարող է ես իր եղբոր հետ սենյակում մենակ նստած լինեի, գար ասեր. «Ի՞նչ ես անում ախպորս հետ ու դրա համար խփեր»,- ասաց նա, հավելելով, որ ամուսինն իրենց համատեղ կյանքի ընթացքում երբեք չի աշխատել: «Կամ իր հորաքույրներն են օգնել գումարով, կամ` մերոնք»,- նշեց Կարինեն:

Սակայն խնդիրները խորացել են, երբ Կարինեի ծնողները մահացել են եւ ամուսինն սկսել է ծեծել Կարինեին, որ նա պահանջի հորական տունը վաճառել եւ գումարը երկու քուրերի մեջ կիսել: Երկարատեւ ծեծի արդյունքում բնակարանն, իսկապես, վաճառել են եւ Կարինեի ամուսինն իր համար մեքենա է գնել, սակայն այդ մեքենայով մարդ է վրաերթի ենթարկում:

Ստիպված մեքենան էլ են վաճառել, նաեւ տոկոսով գումար վերցրել, որ հիվանդանոցում հայտնված տուժողի ծախսերը հոգան: Բացի այդ, դատարանը որոշել է, որ տուժողը 1 տարի 2 ամիս ի վիճակի չէ աշխատելու եւ նրա ապրուստը պետք է հոգա մեղավոր կողմը: Արդյունքում Աշոտի հայրական տունն էլ են վաճառել եւ ստիպված մեկնել Ռուսաստանում ապրելու եւ աշխատելու:

Կարինեն նշեց, որ մինչեւ մեկնելը ամուսինը վատ շրջապատ ընկնելով արդեն սկսել էր չարաշահել ալկոհոլն ու թմրանյութը: Թեեւ իրենք Ռուսաստան էին մեկնել աշխատելու, բայց ամուսինը այնտեղ էլ չի աշխատել եւ այդ պարտականությունը մնացել է միայն Կարինեի ուսերին: Այդքանից հետո ամուսինը սիրուհի է պահել եւ ծեծելով կնոջը նրանից գումարները վերցրել, որ սիրուհու համար ծախսի: Կարինեն զանգահարել է ամուսնու ռուս սիրուհուն եւ զգուշացրել, որ Աշոտն ամուսնացած է, որից հետո սիրուհին հրաժարվել է նրանից: Սակայն ընդհանուր ընկերներից մեկի ծննդյան օրը Աշոտը տեսել է, որ ռուս աղջիկն իր նոր ընկերոջ հետ է եկել եւ վիճաբանության ընթացքում բաժակով հարվածել է նախկին սիրուհու գլխին եւ վնասվածք հասցրել:

Դրանից հետո Աշոտն սկսել է Կարինեից էլի ծեծելով գումար պահանջել, որ ռուս աղջկա բուժման ծախսերը հոգա: «Ինձ ասում էր, որ դու իրեն զանգել ես դա է պատճառը, որ նման իրավիճակ ստեղծվեց, ինչը քո քթերից եմ բերելու: Մազերիցս քաշում քցում էր դուրս, մի անգամ դանակով հարվածեց, լավ էր մուշտակով էի, դանակը խորը չգնաց»,- հիշում է Կարինեն:

Նման կերպ ապրելով աղջիկը մի կերպ փախչում գալիս է Հայաստան երկու երեխաների հետ: Որոշ ժամանակ անց ամուսինը զանգահարում եւ խնդրում է որ իրեն ընդունի, հավատացնելով, թե էլ առաջվանը չէ, բայց համատեղ կյանքն էլի դժոխքի է վերածվում: Նույնիսկ Աշոտը Կարինեին սպառանացել է, որ կտանի մոր գերեզմաններին նրան մատաղ անելու:

Ի վերջո, 10 օր առաջ Կարինեն աչքերի տակ կապտուկներով տնից փախել է եւ օգնության դիմել է Կանանց իրավունքների կենտրոն: Ամուսինը շարունակում է փնտրել նրան, բայց Կարինեն վճռական որոշել է, որ չի միանալու Աշոտի հետ ոչ մի դեպքում:

Ամուսնալուծության եւ բնակարանի բաժանման խնդիր չկա, քանի որ զագսով ամուսնացած չեն եղել, իսկ բոլոր բնակարանները վաճառել են Աշոտի վարքի պատճառով: Ներկա պահին Կարինեն ցանկանում է աշխատանք գտնել, որ կարողանա իր երկու երեխաներին ուսման տա եւ լավ ապագա ապահովի:

Հ.Գ. Այն բոլոր կանայք, ովքեր ընտանիքում ենթարկվում են հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական բռնության եւ ունեն իրավաբանական կամ հոգեբանական անվճար խորհրդատվության կարիք կարող են դիմել «Կանանց իրավունքների» կենտրոնի 24 ժամ գործող թեժ գծի հետեւյալ համարին` 010 54 28 28:

Պատրաստեց` Տաթեւ Մեսրոպյանը