ԱՄՆ հարավին մոտեցող փոթորկի սպառնալիքի պատճառով ամերիկացիները խուճապահար դատարկում են խանութների դարակները։ Այս մասին հայտնում է Daily Mail թերթը։
ԱՄՆ Փոթորիկների հետևման ազգային կենտրոնը չորեքշաբթի օրը զգուշացրել էր երկրի հարավում «Իսայաս» նոր արևադարձային փոթորկի ձևավորման մասին, որը շաբաթվա վերջին կարող է մրրիկի վերածվել։
«Ավերիչ մրրիկի մտավախությունից Մեքսիկական ծոցի ափամերձ քաղաքների խանութներում դարակները դատարկվել են․ տեղացիները գնում են ամեն ինչ՝ զուգարանի թղթից մինչև ջուր ու պահածոներ»,— նշում է պարբերականը։
Թերթը նյութին կից հրապարակել է սոցցանցերի լուսանկարներ, որտեղ երևում է, որ Ֆլորիդայի և Միսիսիպիի խանութների դարակներում ապրանքներ գրեթե չեն մնացել։ Լուսանկարներից մեկում տղամարդն ավտոմեքենայի բեռնախցիկը մինչև վերջ լցնում է խմելու ջրի շշերով։ Կտրուկ աճել է նաև վառելիքի պահանջարկը․ բենզալցակայաններում երկար հերթեր են գոյացել։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ հինգշաբթի օրն «Իսայասը» կանցնի Յուկատան թերակղզու հյուսիսով, իսկ ուրբաթ կմոտենա Մեքսիկական ծոցի հյուսիսային ափին։ Ուժեղ քամիներ են սպասվում աղետի էպիկենտրոնից մինչև 75 կիլոմետր շառավղով։ Որոշ նահանգներում, այդ թվում՝ Ֆլորիդայում և Լուիզիանայում, ուրբաթ օրվանից մինչև հանգստյան օրերի վերջ կտեղա 76-152 մմ տեղումներ, իսկ առանձին հատվածներում դրանց քանակը կարող է գերազանցել 250 մմ-ը․ որոշ շրջաններում չեն բացառվում հեղեղումներն ու գետերի հունից դուրս գալը։




























