Սիրելի՛ հայրենակիցներ, եթե դուք էլ եք կարծում, թե ադրբեջանցի զինծառայողի ներխուժումըք, հայերի տներին մոտենալը և հայ ընտանիքի վրա կրակելը սովորական ու բնականոն երևույթ են, ապա էլ ասելու ու ավելացնելու ոչինչ չունեմ։ Այս մասին հոկտեմբերի 8-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Իր հերթին մտահոգություն հայտնեց նաև նույն խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
«Ողբերգությունն այն է, որ փորձ է արվում ադրբեջանցի ահաբեկչի կատարած հանցագործությունը հավասարեցնել սովորական հանցագործության։ Առավել ողբերգական է այն, որ փորձում են թշնամու քայլերը նույնացնել Հայաստանում կատարված որևէ հանցագործության հետ։ Նախաքննության արդյունքները դեռ չկան։ Ի վերջո, հայտնի չէ՝ սա դիվերսիա՞ էր, թե՞ սովորական դասալիքի արարք։ Այդուհանդերձ, Հայաստանի իշխանություններն արդեն իսկ փորձում են գնահատական տալ»,- պարզաբանեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա հիշեցրեց նմանատիպ մեկ այլ դեպքի մասին ևս։ Այսպես, 2023 թվականի ապրիլին Ադրբեջանի բանակի զինծառայող Հուսեյն Ախունդովը Հայաստանի Սյունիքի մարզում սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին՝ 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին։ Սպանությունից անմիջապես հետո Ախունդովը վերցրել էր նրա հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, ապա հափշտակված հեռախոսում հատուկ հավելված տեղադրելով՝ տեսաուղերձ ձայնագրել ու հրապարակել սոցիալական ցանցի իր էջում։ Տեսանյութում ադրբեջանցի զինծառայողը բառացիորեն հայտարարել էր. «Փառք Աստծո, մենք հաջողությամբ հասել ենք Հայաստան և գլխատել 400-500 հայի։ Մենք դավաճան չենք և հույս ունենք հաջողությամբ վերադառնալ Ադրբեջան»։ Ախունդովն իր քայլերը ներկայացրել էր որպես հայրենասիրական արարք և «հայի արյուն թափել»։
Յոլյանի կարծիքով՝ սա պետք է ազդանշան լիներ Հայաստանի իշխանությունների համար։ Նրանք պարտավոր էին բարձրացնել աչալրջությունը, սակայն հերթական անգամ ձախողվեցին։
«Եթե հիշում եք, նույն իրավիճակն ստեղծվեց նաև Գորիս-Կապան միջպետական ճանապարհին։ Ճանապարհն օկուպացրել էր թշնամին։ Ընդ որում, քաղաքացիներին ընդամենը մեկ հեռախոսահամար էին տվել ու ասել, թե հարցեր ունենալու դեպքում կարող են դիմել Ազգային անվտանգության ծառայություն։ Իսկ որտե՞ղ է ԱԱԾ-ն Գորիս-Կապան ճանապարհի հարցում. զբաղված է ընդդիմադիրների «որսով»»,- նշեց պատգամավորը։
Նա հարցադրում արեց՝ իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանի ոստիկանությունը։
«Պարեկային ծառայությունը ճանապարհներին, հատկապես ընտրություններից հետո, սկսել է ակտիվորեն «կլպել» քաղաքացիներին՝ աստղաբաշխական տուգանքներ նշանակելով... Հենց դա է պատճառը, որ երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել ինը զինված հարձակում»,- նկատեց Իրինա Յոլյանը։











