Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը կասկածի տակ է առել խաղաղ ատոմի ոլորտում այլ երկրների հետ Հայաստանի համագործակցության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։

«Միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին հայկական իշխանությունների հայտարարությունների համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ ԱՄՆ-ն արտերկրում ոչ մի փոքր մոդուլային ռեակտոր չի կառուցել և չի կառուցում», — լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը։ Նրա խոսքով՝ «Ֆրանսիայում, որը նույնպես հաճախ հիշատակվում է որպես պոտենցիալ գործընկեր, ոչ մի ռեակտոր չի կառուցվել․ ֆրանսիացիները չունեն փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիա, իսկ ֆիննական «Օլկիլուոտո»-ում երրորդ էներգաբլոկի 17 տարվա կառուցման ընթացքում (2005-2021 թթ․) դրա արժեքն աճել է գրեթե 4 անգամ՝ 3,2 միլիարդ եվրոյից հասնելով 11,7 միլիարդի»։

Միևնույն ժամանակ Շևցովն ընդգծել է ռուսաստանցի ատոմագետների հետ համագործակցության առավելությունները․ ««Ռոսատոմ»-ն այս պահին արտերկրում կառուցում է 30 էներգաբլոկ, այդ թվում՝ փոքր մոդուլային ռեակտորներ»։

«Ընտրությունն, ինչպես ասում են, ակնհայտ է», — վստահություն է հայտնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։

Նա ուշադրություն է հրավիրել Հայաստանի տեղեկատվական դաշտում նոր ԱԷԿ-ի կառուցման թեմայով քննարկումներին․ «Այս հարցի առնչությամբ ցանկանում եմ նշել, որ Հայկական ԱԷԿ-ին, որտեղ անխափան աշխատում է հուսալի՝ դեռևս խորհրդային ՎՎԷՌ-440 (ВВЭР-440) ռեակտորը, բաժին է ընկնում երկրի ողջ էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 30%-ը», — նշել է Շևցովը։