ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա ազգային անվտանգության թիմը քննարկել են առաջիկա շաբաթներին՝ ընդհուպ մինչև նոյեմբերի 3-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման տարբերակները։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ անցյալ շաբաթ Քեմփ Դևիդում կայացած խորհրդակցության ժամանակ վարչակազմի ներկայացուցիչները քննարկել են ԱՄՆ ռազմավարությունը Իրանի և եմենյան հութիների նկատմամբ։ Հանդիպումից հետո ամերիկացի զինվորականները Թրամփին են ներկայացրել գործողությունների նոր տարբերակները, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել։

«Իրավիճակը կարող է զարգանալ երկու սցենարով՝ հեշտ կամ բարդ։ Նախագահ Թրամփի ձեռքում են բոլոր հաղթաթղթերը, և նա կանի այն ամենը, ինչը բխում է ԱՄՆ շահերից», — հեռուստաալիքին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

NBC-ն նշում է, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման ժամկետները դեռևս հստակ չեն։ Միևնույն ժամանակ, Թրամփը ստիպված է հաշվի առնել ԱՄՆ սպառազինության որոշ առանցքային տեսակների պաշարների նվազումը։

Չորեքշաբթի օրը Atlantic պարբերականը, հղում անելով ամերիկյան երկու աղբյուրի, հայտնել էր, որ Սպիտակ տունը Պենտագոնին հանձնարարել է Իրանին հարվածելու տարբերակներ մշակել մինչև ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր հակահարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման հուշագիր էին ստորագրել, սակայն ավելի ուշ դարձյալ հարվածներ էին փոխանակել։ Այժմ հակամարտությունը մնում է չկարգավորված։