Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության պատվավոր ճարտարապետի» կոչում։ Պարգևը նրան հանձնել է ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինը՝ Գրոզնիում Վլադիմիր Պուտինի անվան թաղամասի երկրորդ հատվածի բացման արարողության ժամանակ։ «Այս հիանալի միկրոշրջանը մտահղացել և նախագծել է անձամբ Ռամզան Ախմատովիչը՝ իր իսկ վերահսկողությամբ։ Անձամբ իմ անունից ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ձեզ և վստահ եմ, որ այս բոլոր նախագծերի գլխավոր ճարտարապետը հենց դուք եք»,- պարգևը հանձնելիս նշել է Խուսնուլլինը։
Փոխվարչապետը նաև ընդգծել է, որ Պուտինի անվան թաղամասը նախագծվել ու կառուցվել է կարճ ժամանակահատվածում։ «Գնի և որակի հարաբերակցությամբ, կարող եմ ասել, որ սա մեր երկրի լավագույն օրինակներից է»,- հավելել է նա։ Թաղամասի երկրորդ գծում կառուցվել է 38 բազմաբնակարան շենք՝ մոտ 500 հազար քառակուսի մետր ընդհանուր բնակելի մակերեսով, ինչպես նաև Չեչնիայի առաջին նախագահ Ախմատ-Հաջի Կադիրովի անվան՝ 1,8 կմ երկարությամբ հետիոտնային ճեմուղի։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի սկզբին, Պուտինի հրամանագրով Չեչնիայի ղեկավարին շնորհվել էր ՌԴ բանակի գեներալի զինվորական կոչում։ «Ռոսգվարդիայի» տնօրեն Վիկտոր Զոլոտովը նրան հանձնել էր նաև այսպես կոչված «կրապովի» բերետ (մուգ կարմիր բերետ)։ Բանակի գեներալը ռուսական բանակում մարշալից հետո երկրորդ բարձրագույն զինվորական կոչումն է, իսկ «կրապովի» բերետը համարվում է «Ռոսգվարդիայի» հատուկ ստորաբաժանումների գերազանցության բարձրագույն տարբերանշանը։ Այն կրելու իրավունքը զինծառայողները վաստակում են հատուկ քննություններ հանձնելով, որոնք ներառում են ֆիզիկական, կրակային և մարտավարական պատրաստվածության ստուգում։
Չեչնիայի ղեկավարի աշխատակազմից հայտնել են, որ Կադիրովին բանակի գեներալի կոչում շնորհելն ու «կրապովի» բերետ հանձնելը «հայրենիքի առաջ ունեցած ակնառու ծառայությունների, երկարամյա քաջարի աշխատանքի և պետությանն անձնվեր ծառայելու գնահատականն է»։
2022 թվականի ապրիլին Կադիրովն ստացել էր գեներալ-լեյտենանտի, իսկ 2020-ի հուլիսին՝ գեներալ-մայորի կոչում։ Նախկինում նա արժանացել է նաև Ռուսաստանի հերոսի կոչման, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի, Արիության, Պատվո և մի շարք այլ պարգևների։ «Վյորստկա» պարբերականի հաշվարկներով՝ Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր Կադիրովն ու նրա ընտանիքի անդամներն ստացել են շուրջ 150 տարբեր պարգևներ։





























