ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգի նահանգապետի նստավայրին հարակից տարածքում հայտնաբերել են մարդկային մնացորդներով յոթ դագաղ, ինչպես նաև խորհրդավոր փայտե արկղ։ Հոկտեմբերի 6-ին այս մասին հայտնել է People ամսագիրը՝ հղում անելով չբացահայտված պաշտոնական աղբյուրներին։
«Հյուսիսային Դակոտայի նահանգապետի նստավայրի համար աշխատանքներ իրականացնող կապալառուները մարդկային մնացորդներ են գտել։ Նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ դագաղներում ամփոփված են եղել երկու կնոջ, երկու տղամարդու, երկու դեռահասի և մեկ փոքրիկ երեխայի աճյուններ», — նշված է հոդվածում։
Հստակեցվում է, որ դագաղների կողքին հայտնաբերվել է նաև անհայտ նշանակության դատարկ փայտե արկղ։ Գտածոներից հետո տեղամասում աշխատանքները կասեցվել են, իսկ տարածքի հետազոտմանը ներգրավվել են Հյուսիսային Դակոտայի պետական պատմական ընկերության հնագետները։
Մասնագետները կիրառել են գեորադար՝ հնարավոր այլ թաղումներ գտնելու համար։ Ընդհանուր առմամբ նրանք մատնանշել են ավելի քան 80 անոմալ տեղամասեր, որոնք լրացուցիչ ուսումնասիրություն են պահանջում։ Ավելի վաղ իրականացված նախնական զննումը ի հայտ էր բերել ինը լրացուցիչ անոմալիա, ինչը մատնանշում էր ևս 10 հնարավոր գերեզմանի առկայության մասին։ Հնագիտական աշխատանքների դաշտային փուլն ավարտվել է սեպտեմբերի 14-ին։
Ինչպես պարզվել է, նստավայրի տարածքը գտնվում է Բիսմարկի նախկին գերեզմանատան տեղում, որը քաղաքում գործել է 1870-ական թվականներին։ 1880-ականներին աճյունները սկսել են տեղափոխել այլ գերեզմանոցներ՝ Սենթ Մերիս և Ֆերվյու։ Այն ժամանակ համարվում էր, որ արտաշիրիմումն ամբողջությամբ է կատարվել, սակայն 2026 թվականին պարզվեց, որ գերեզմանների մի մասը կարող էր մնացած լինել նախկին վայրում։
Այժմ հնագետները պետք է ուսումնասիրեն և համակարգեն հայտնաբերված մնացորդներն ու առարկաները։ Վերլուծությունը նախատեսվում է ավարտել 2027 թվականի սկզբին։ Նահանգի իշխանություններն արդեն պայմանագիր են կնքել տեղական հուղարկավորման բյուրոյի հետ՝ աճյունները եկող տարվա գարնանը տեղի գերեզմանատներից մեկում վերաթաղելու համար։
Հյուսիսային Դակոտայի նահանգապետ Քելի Արմսթրոնգի աշխատակազմից ավելի վաղ հայտարարել էին, որ հայտնաբերված մնացորդները պետք է տեղափոխվեն պատշաճ պայմաններ և արժանանան անհրաժեշտ ուշադրությանն ու հարգանքին։





























