Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները քաշքշուկի ընթացքում չեն փորձել մտնել նիստերի դահլիճ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հոկտեմբերի 8-ին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Բանն այն է, որ միջադեպից հետո հայտնի էր դարձել, որ խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանի որոշմամբ ծառայողական քննություն կսկսվի՝ պատգամավորների միջև տեղի ունեցած վեճին օգնականների ենթադրյալ մասնակցության առնչությամբ։
«Մեր խմբակցության պատգամավորների օգնականները չեն փորձել մտնել Ազգային ժողովի նիստերի դահլիճ, դա սուտ է։ Նրանք սպասում էին պատգամավորների դուրս գալուն։ Մենք սպասում ենք ծառայողական քննության ավարտին, ավելին՝ պատրաստ ենք աջակցել դրան և տալ բոլոր անհրաժեշտ պարզաբանումները», — նշեց Աբրահամյանը։
Պատգամավորը հաստատեց այն տեղեկությունը, որ վեց օգնականի արգելվել է մուտք գործել խորհրդարանի շենք։ Նա նաև հավելեց, որ նրանցից ոմանք ընդհանրապես չեն եղել այն տեսանյութում, որը իշխանամետ ԶԼՄ-ները փորձում էին ներկայացնել որպես նիստերի դահլիճ ներխուժելու փորձ։
«Պետք է նաև հասկանալ, թե արդյոք հնարավոր է քննություն անցկացնել այն մասին, թե ինչպես է խորհրդարանի միջանցքում նկարահանված տեսանյութը հայտնվել լրատվամիջոցներում», — ասաց ընդդիմադիր գործիչը՝ հերքելով նաև իշխանամետ մամուլի այն լուրերը, թե հիշյալ անձինք խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի թիկնապահներն են։




























