Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին աջակցող կուսակցությունների դաշինքը նախընտրական նոր հարցման մեջ կրկին զիջել է ընդդիմությանը։ Միևնույն ժամանակ կողմերից ոչ մեկը բավարար թվով մանդատներ չի ստանում, որպեսզի ինքնուրույն ձևավորի կառավարություն, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով Zman Yisrael կայքի հետազոտությանը։

Եթե ընտրություններն անցկացվեին հիմա, Նեթանյահուի դաշինքի կուսակցությունները 120 տեղանոց Քնեսեթում ընդհանուր առմամբ կստանային 47 տեղ։ Դա խորհրդարանական մեծամասնության համար անհրաժեշտ թվից 14 մանդատով պակաս է։

Նեթանյահուի դեմ հանդես եկող չորս հիմնական հրեական կուսակցությունները միասին ստանում են 55 տեղ՝ մեծամասնությունից վեցով պակաս։

Արաբական ՌԱԱՄ և Միացյալ ցուցակ կուսակցությունները, որոնք նույնպես հանդես են գալիս Նեթանյահուի դեմ, կարող են հավակնել ևս 14 մանդատի։ Միևնույն ժամանակ դրանք հազվադեպ են դիտարկվում որպես կառավարական կոալիցիաների հնարավոր մասնակիցներ։

Օֆեր Վինտերի «Իսրայելի ժողովուրդը» կուսակցությունը, որը ստանում է չորս մանդատ, քննադատում է Նեթանյահուին, սակայն ինքը՝ Վինտերը, հայտարարել է գործող վարչապետի գլխավորած կոալիցիա մտնելու պատրաստակամության մասին։ Եթե այս կուսակցությունը հաշվի առնվի Նեթանյահուի ճամբարում, նա կստանա 51 տեղ։ Իսկ եթե արաբական կուսակցություններն ընդգրկվեն ընդդիմադիր բլոկում, դրա արդյունքը կհասնի 69 մանդատի։

Հարցման առաջատարը դարձել է Գադի Այզենկոտի ընդդիմադիր «Յաշար» կուսակցությունը, որը ստանում է 24 տեղ։ Նեթանյահուի «Լիկուդը» երկրորդ տեղում է՝ 20 մանդատով։

Հաջորդում են ընդդիմադիր «Բեյահադ» կուսակցությունը՝ 13 տեղով, և նրա դաշնակից «Մեր տունը Իսրայելն է» կուսակցությունը՝ տաս մանդատով։ Միացյալ ցուցակը կարող է ստանալ ինը մանդատ։

«Շաս», «Միասնական Թորա» և ձախակողմյան «Դեմոկրատներ» կուսակցությունները ստանում են ութական տեղ։ Ուլտրաաջ «Օցմա Յեհուդիտը» կարող է հավակնել վեց , իսկ արաբական ՌԱԱՄ-ն ու «Կրոնական սիոնիզմ-Զեհուտ» դաշինքը՝ հինգական մանդատի։

Վինտերի «Իսրայելի ժողովուրդը» ստանում է նվազագույն չորս մանդատը, որն անհրաժեշտ է ընտրական շեմը հաղթահարելու համար։

Երկու կուսակցություն՝ Յոազ Հենդելի և Յարոն Զելեխայի շարժումը, ինչպես նաև Բենի Գանցի «Կապույտ-սպիտակները», չեն հաղթահարում ընտրական շեմը։

Հարցումն հոկտեմբերի 7-ին և 8-ին անցկացրել է Tatika Research & Media հետազոտական ընկերությունը՝ Adgenda պանելի հետ համատեղ։ Հարցմանը մասնակցել է 500 մարդ, սխալանքի սահմանը կազմում է 4,4 տոկոսային կետ։

Քնեսեթի ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 27-ին։