Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարարություն, ինչպես նաև մի շարք այլ երկրներ է ուղարկել Ռուսաստանում հեռակա կարգով դատապարտված Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) ներկայացուցիչներին ձերբակալելու և հանձնելու վերաբերյալ հարցումներ, ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Ինչպես հայտնել են Գլխավոր դատախազությունից, հարցումները վերաբերում են ՄՔԴ-ի նախագահ Պյոտր Հոֆմանսկուն, դատարանի առաջին փոխնախագահ Լուս Կարրանսային, դատախազ Կարիմ Խանին և մի շարք դատավորների։

Գերատեսչությունում հայտարարել են, որ 2025 թվականի դեկտեմբերին Մոսկվայի քաղաքային դատարանը նրանց հեռակա կարգով մեղավոր է ճանաչել Ռուսաստանի քրեական օրենսգրքի այն հոդվածներով, որոնք վերաբերում են քրեական պատասխանատվության ապօրինի ենթարկելուն, ապօրինի ձերբակալությանը և կալանքի տակ պահելուն, ինչպես նաև միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց կամ հաստատությունների վրա հարձակմանը կամ նման հարձակման սպառնալիքին։

Գլխավոր դատախազությունում պնդում են, որ ՄՔԴ-ի ներկայացուցիչներն ապօրինաբար են գործել, քանի որ Ռուսաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասնակից չէ և չի ճանաչում դրա իրավազորությունը։

Գերատեսչությունում հայտարարել են նաև, որ ՄՔԴ-ի դատախազ Կարիմ Խանը ապօրինի կերպով քրեական պատասխանատվության է ենթարկել Ռուսաստանի քաղաքացիներին, իսկ ՄՔԴ-ի դատավորները նրանց ձերբակալության հրամանագրեր են արձակել՝ առանց օրինական հիմքերի և բավարար ապացույցների։

ՄՔԴ-ի այն ներկայացուցիչները, որոնց վերաբերյալ ուղարկվել են հարցումները, Ռուսաստանի կողմից հայտարարվել են միջազգային հետախուզման մեջ, ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում։