Նորվեգիայում հինգշաբթի կանգնեցվել է բոլոր գնացքների երթևեկությունը՝ հեռահաղորդակցական ցանցերում տեղի ունեցած լայնածավալ խափանման հետևանքով, որը միաժամանակ խաթարել է արտակարգ հեռախոսային գծերի աշխատանքը, հաղորդում է dpa-ն։

Կապին առնչվող խնդիրների պատճառով երկաթուղային օպերատոր Bane NOR-ը չի կարող երաշխավորել կապը արտակարգ ծառայությունների հետ որևէ միջադեպի դեպքում։ Այդ պատճառով գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է։

«Հեռահաղորդակցական ցանցերի աշխատանքի խափանումների պատճառով արտակարգ իրավիճակի դեպքում մենք չենք կարող կապ հաստատել արտակարգ ծառայությունների հետ։ Այդ պատճառով գնացքները կանգնեցվում են։ Անվտանգությունն այսպիսի իրավիճակում գլխավոր առաջնահերթությունն է»,- նորվեգական NTB գործակալությանը հայտնել է Bane NOR-ի ներկայացուցիչը։

NTB-ի տվյալներով՝ խափանումն ազդել է ոստիկանության, հրշեջ ծառայության և շտապօգնության համարների վրա։ Նորվեգիայի խոշորագույն կապի օպերատոր Telenor-ի հաճախորդները ևս հայտնել են զանգերի և տեքստային հաղորդագրություններ ուղարկելուն առնչվող խնդիրների մասին։

Նորվեգիայի ոստիկանությունն ավելացնում է փողոցներում պարեկների թիվը, քանի դեռ արտակարգ ծառայությունների հետ կապը շարունակում է խափանված մնալ։

Aftenposten պարբերականը, հղում անելով Telenor-ին, հայտնել է, որ կիբերհարձակման նշաններ չեն հայտնաբերվել։

Telenor-ը սպասարկում է Նորվեգիայի բջջային և ֆիքսված ցանցերը, ինչպես նաև հաղորդակցական և ազդանշանային ենթակառուցվածք է տրամադրում պետական հաստատություններին, արտակարգ ծառայություններին և երկրի երկաթուղային համակարգին։