Ֆրանսիայում հինգշաբթի օրը դպրոցականների բողոքի ցույցերի ֆոնին ձերբակալվել է 504 մարդ, իրավապահ մարմինների 48 աշխատակից ստացել է վնասվածքներ, հաղորդում է Le Figaro-ն՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ ամբողջ Ֆրանսիայում անցկացված ցույցերին մասնակցել է 71,5 հազար մարդ, որոնցից 24,5 հազարը՝ Փարիզում։ Մոտ 55 հազար մասնակից ցույցերի է դուրս եկել անմիջապես ուսումնական հաստատությունների մոտ։
ՆԳՆ-ն հայտարարել է, որ ընդհանուր առմամբ խոշոր միջադեպեր չեն արձանագրվել՝ բացառությամբ Փարիզի Բաստիլի հրապարակում ցուցարարների ցրման լարված դրվագի։ Միևնույն ժամանակ գերատեսչությունը հայտնել է քաղաքային բռնության դեպքերի թվի աճի մասին, որոնք տեղի են ունեցել դպրոցականների խաղաղ ցույցերի ֆոնին։
Պուատիեում անցած գիշեր հրդեհ է բռնկվել լիցեյի տարածքում, որից հետո կրակը տարածվել է ուսուցչուհու ավտոմեքենայի վրա։ Սենտ-Էտյենում մի քանի տասնյակ մարդ առավոտյան ներխուժել է լիցեյ և ջարդուփշուր արել ճաշարանը։ Բայոնում աշխատակցի բնակարանի պատուհանները կոտրվել են, իսկ ուսուցիչների ուղղությամբ կրակել են հրատեխնիկական ականանետերից։
Տուլուզում ակցիայի չափահաս մասնակիցը հարվածել է լիցեյի տնօրենին։ Սենտ-Շամոնում փոխտնօրենը դեմքի այրվածք է ստացել հրատեխնիկական ականանետից արձակված կրակոցից։
Բացի դրանից, Ստրասբուրգում հրկիզել են ոստիկանական ավտոմեքենա, Լա Ռոշելում վնասել են ոստիկանության շենքը, իսկ Բորդոյում փորձ է արվել հրկիզել ոստիկանական բաժանմունքը։ Գլեզեում ոստիկանության աշխատակիցը ուսի վնասվածք է ստացել նետված առարկայից, ինչից հետո նրա ուղղությամբ նաև կրակել են հրատեխնիկական ականանետից՝ գլխի ուղղությամբ։
ՆԳՆ-ն հաղորդել է նաև ուսումնական հաստատությունների տարածք ուժով ներթափանցելու դեպքերի մասին, մասնավորապես Լորմոնում և Լորյանում։
ՆԳ նախարարության ղեկավարը դատապարտել է բռնությունը և շնորհակալություն հայտնել իրավապահ մարմինների աշխատակիցներին, որոնք, ըստ նրա, խոչընդոտել են այդ գործողություններին։





























