Flydubai-ի երկրորդ օդաչուն, որին մեղադրում են Իսրայել ուղևորվող ինքնաթիռն առևանգելու և մարդկանց սպանելու փորձի մեջ, նախկինում սոցիալական ցանցերում բազմաթիվ կնատյաց և ագրեսիվ բնույթի արտահայտություններ է հրապարակել, պարզել է CBS News-ը։

Համամ ալ-Համամին օգտագործել է X-ի՝ ավելի ուշ ջնջված հաշիվը՝ համացանցային միջավայրի, այսպես կոչված՝ մանոսֆերային բնորոշ՝ կանանց նկատմամբ թշնամական արտահայտություններ և նյութեր հրապարակելու և տարածելու համար։ Որոշ հրապարակումներ բռնության սպառնալիքներ են պարունակել։

Գրառումներից մեկում ալ-Համամին նշել է «գլխին նստելու, մարդուն գետնին փռելու, նրան ուրիշների համար օրինակ դարձնելու, հետո բաց թողնելու» սպառնալիքի մասին։ Միաժամանակ պարզ չէ՝ այս հրապարակումը վերաբերում էր կոնկրետ մեկ անձի՞, թե՞ ուղղված էր ընդհանուր առմամբ կանանց։

CBS-ի՝ հետաքննությանը ծանոթ աղբյուրների տվյալներով՝ ալ-Համամին Օմանի քաղաքացի է։ Սեպտեմբերի 27-ին, երբ ինքնաթիռը մոտենում էր Իսրայելին, նա, ենթադրաբար, խցիկում վթարային կացնով հարձակվել է օդանավի հրամանատարի վրա։ Ուղևորներին և անձնակազմի անդամներին հաջողվել է վնասազերծել նրան, որից հետո օդանավի մեկ այլ օդաչու, որն այդ պահին ծառայության մեջ չէր, արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։

Իսրայելի իշխանությունները դիտարկում են վարկածը, որ տեղի ունեցածը կարող էր լինել ահաբեկչական գործողության փորձ՝ սցենարով, որը հիշեցնում է սեպտեմբերի 11-ի հարձակումները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ իր ունեցած տեղեկություններով՝ երկրորդ օդաչուն կարող էր կապեր ունենալ Իրանի հետ։

Financial Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ հայտնաբերել է ալ-Համամիի շուրջ երեք հազար հաղորդագրություն՝ կնատյաց բովանդակությամբ։ Թերթը գրել էր, որ նա, մասնավորապես, կանանց անվանել է «փտած միս» և պնդել, որ ամուսնալուծության ձգտող կանանց պետք է «լավ ծեծ տալ»։ CBS-ում նշել են, որ իրենք անձամբ չեն ստուգել FT-ի հղումներով բոլոր հրապարակումները։

Ալ-Համամիի հրապարակումներում իսլամի արմատական մեկնաբանությունները համակցվել են մանոսֆերայի հռետորաբանության հետ։ Նա դրական է արտահայտվել միայն իր մոր մասին։ Հաղորդագրություններից մեկում նա նաև օգտագործել է «simp» տերմինը՝ բնորոշելու համար այն տղամարդկանց, որոնք, նրա կարծիքով, նվաստանում են կանանց առաջ՝ նրանց համակրանքը շահելու համար։

FT-ի տվյալներով՝ 2022 թվականին ալ-Համամին փորձել է կին գտնել մահմեդական ծանոթությունների կայքի միջոցով։ Նա փնտրել է 18-ից 23 տարեկան, խիստ կրոնական հայացքներ ունեցող, դեմքը ծածկող հագուստ կրելու պատրաստ, տնից դուրս չաշխատող և արտերկրում ապրելու պատրաստ կնոջ։

Իսրայելցի քննիչները կարծում են, որ ինքնաթիռի առևանգման փորձի ժամանակ ալ-Համամին գործել է միայնակ, CBS-ին հայտնել են աղբյուրները։ Այժմ նա Արաբական Միացյալ Էմիրություններում է, որտեղ նրան հարցաքննում են իսրայելական և էմիրաթական իշխանությունները։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրորդ օդաչուն, հարցաքննությունների ընթացքում ստացված տեղեկություններով, ենթարկվել է «իսլամիստական արմատականացման»։ Նեթանյահուի ասելով՝ այն բանից հետո, երբ ուղևորներն ու անձնակազմը վնասազերծել են նրան, նա գոռացել է. «Սպանե՛ք ինձ»։

Flydubai-ում աշխատելուց առաջ ալ-Համամին որոշ ժամանակ ուսուցում է անցել Oman Air-ում։ Աղբյուրների տվյալներով՝ այնտեղ Օմանի իշխանությունները հայտնաբերել էին, որ նա այցելում էր արմատական կայքեր, ինչից հետո նրան տեղափոխել էին վարչական աշխատանքի։ Ավելի ուշ նա հեռացել է ավիաընկերությունից։

Աղբյուրները նաև պնդում են, որ անցյալում ալ-Համամին Դուբայում հրապարակել է իսրայելական El Al ավիաընկերության ինքնաթիռների տեսանյութեր, որոնց վերջում հայտնվել է «Ալ-Քաիդայի» նախկին առաջնորդ Այման ազ-Զավահիրիի լուսանկարը։

Դուբայ տեղափոխվելուց հետո ալ-Համամին աշխատանքի է անցել Flydubai-ում։ CBS-ի աղբյուրների տվյալներով՝ ավիաընկերությունը նրա կենսագրության լրացուցիչ ստուգում չի իրականացրել Օմանի իշխանությունների միջոցով։

Հետաքննությունը շարունակվում է։ Մասնավորապես, բաց է մնում հարցը, թե ինչպես է ալ-Համամին հնարավորություն ստացել աշխատելու որպես օդաչու և թռիչքներ կատարելու դեպի Իսրայել՝ հակառակ նրա նախկին ակտիվության մասին տեղեկություններին և նրա ստուգման ընթացակարգի վերաբերյալ հարցերին։