Իրանի սպառազինության ոլորտի արտադրական հզորությունները թույլ են տալիս բավարարել երկարատև ռազմական գործողությունների ընթացքում առաջացող պահանջները, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Թալայի-Նիքը։

«Ներկայումս մեր արտադրական համակարգն ունի համառ և երկարատև պատերազմ վարելու համար անհրաժեշտ հզորությունները»,- ասել է Թալայի-Նիքը պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողությունների ընթացքում սպառազինության արտադրության ծավալներն աճել են 2,5 անգամ։ Նա հավելել է, որ երկիրը նախապես պատրաստել էր պաշտպանված պահուստային արտադրական հարթակներ, ինչի շնորհիվ ռազմական արտադրանքի թողարկումը չի դադարել ոչ մի օր։

Ինչպես հայտնել է Թալայի-Նիքը, շուրջ 9 հազար ընկերություն կամավոր միացել է ռազմական արտադրանքի արտադրության գործընթացին։

Նա նշել է, որ պաշտպանության նախարարության մասնագետները համագործակցում են հրթիռային համալիրների հաշվարկների, ԱԹՍ ստորաբաժանումների, ինչպես նաև ռազմածովային և ռազմաօդային ուժերի հետ՝ օգտագործելով մարտական փորձը սպառազինությունն ու տեխնիկան արդիականացնելու համար՝ հաշվի առնելով առաջացող սպառնալիքները։

Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը ընդգծել է, որ Թեհրանը առաջնահերթ ուշադրություն է դարձնելու սեփական ռազմական կարիքների բավարարմանը, սակայն նաև ծրագրում է արտահանել պաշտպանական նշանակության արտադրանքի ավելցուկը։