Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչ Կիմ Յո Չժոնը, Հարավային Կորեայի իշխանությունների գործողությունները ֆարս է անվանել՝ մեկնաբանելով Սեուլի՝ Փհենյանին հումանիտար օգնության առաջարկը ապառազմականացված գոտում (ԱՌԳ) պայթյունների միջադեպի ֆոնին։
Պայթյունները տեղի են ունեցել սեպտեմբերի 21-ին ԱՌԳ-ում, տուժել են հարավկորեացի երեք զինծառայողներ, որոնցից երկուսը ստացել է ծանր վիրավորումներ։ Հարավային Կորեայի ԶՈւ շտաբների պետերի միացյալ կոմիտեն երկուշաբթի, ՄԱԿ հրամանատարության (UNC) հետ համատեղ անցկացված հետաքննության արդյունքներով, հայտարարել է, թե պայթյունների պատճառը եղել են իբր սահմանազատման գծից մոտ տասը մետր հարավ Հյուսիսային Կորեայի տեղադրած հակահետևակային ականները։ Միևնույն ժամանակ, չորեքշաբթի հարավկորեական լրատվամիջոցները հայտնել են, որ Սեուլը ցանկանում է մինչև նոյեմբերի վերջ Հյուսիսային Կորեայի հիվանդանոցներից մեկին փոխանցել 6,75 միլիոն դոլարի բժշկական սարքավորում։
«Հարավային Կորեայի Հանրապետության «ականի պայթյունի» ֆարսը և «բժշկական միջոցների աջակցության» կլոունադան ընդամենը մեր պետության հետ առճակատման բնածին սովորությունից ձուլված նույն մետաղադրամի երկու կողմերն են», — նշված է Կիմ Յո Չժոնի հայտարարության մեջ, որը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
Նրա խոսքով՝ այդ գործողությունների նպատակը Հյուսիսային Կորեայի արժանապատվությունն ու կերպարը նսեմացնելու փորձն է, իսկ հումանիտար օգնության առաջարկը նպատակ ունի միջազգային հանրությանը ցուցադրել Սեուլի «բարի վարքն ու ջանքերը» Փհենյանի «բացասական դիրքորոշման» ֆոնին, և ներկայացնել Հարավային Կորեան որպես լարվածության սրման հետ կապ չունեցող կողմ։
«Նրանց մտադրությունն է ակնհայտ ցույց տալ, որ «նրանք ամեն ինչ արել են այդպիսի «բարի կամքով», և, ինչպես երևում է, լարվածության սրման պատասխանատվությունը չի ընկնում Սեուլի վրա»։ Հենց այսպիսի աննորմալ գործողություն կարող են կատարել միայն թշնամիները», — հայտարարել է Կիմ Յո Չժոնը։
Նրա խոսքով՝ Սեուլի բեմադրած ֆարսի «առաջին սերիայում» Հարավային Կորեան ստեղծել է «զոհի» կերպար, իսկ «երկրորդում» հանկարծ սկսել է խոսել հումանիտար օգնության մասին և փորձել վերածվել «հրեշտակի»։ Կիմ Յո Չժոնը նշել է, որ Փհենյանը հետաքրքրությամբ կհետևի, թե որքան հաջող կլինի այդ «բեմադրության» շարունակությունը։
Նա նաև հավելել է, որ իր գործողություններով Հարավային Կորեան իրեն կդնի էլ ավելի անբարենպաստ վիճակի մեջ։





























