Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ, Սոմալիում ծնված Սագալ Աբդի-Վալին հաղթել է Մեծ Բրիտանիայի Հոլբորն և Սենթ Փանկրաս ընտրատարածքում անցկացված լրացուցիչ ընտրություններում․ խորհրդարանում նա կփոխարինի երկրի նախկին վարչապետ Քիր Սթարմերին։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է Sky News հեռուստաալիքը։

Քվեարկության արդյունքներով՝ Աբդի-Վալին ստացել է 12 292 ձայն (45,17 տոկոս)։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Կանաչներ» կուսակցության թեկնածու Զաք Պոլանսկին՝ 8 928 ձայնով (32,81 տոկոս)։ Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Յուեն Քեմերոնը ստացել է 1 922 ընտրողի աջակցությունը (7,06 տոկոս)։

Նշվել է, որ Աբդի-Վալին ծնվել է Սոմալիում և 1990-ականներին որպես փախստական երեխա եկել է Մեծ Բրիտանիա՝ փրկվելով քաղաքացիական պատերազմից։ Ավելի քան 10 տարի նա աշխատել է որպես կամավոր և տեղի բարեգործական կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդների անդամ, մունիցիպալ վարչակազմի աշխատակից, ինչպես նաև եղել է երկու դպրոցի կառավարման խորհուրդների կազմում։

2026 թվականի մայիսից Աբդի-Վալին գլխավորել է Քամդենի վարչական շրջանի տեղական խորհուրդը՝ դառնալով այդ պաշտոնն զբաղեցրած առաջին սևամորթ կինը։ Մինչ այդ նա 2022 թվականից աշխատել է որպես խորհրդական և ղեկավարել Քամդենի բնակարանային վարչությունը։ Այդ պաշտոնում նրան հաջողվել է ներգրավել ավելի քան 670 մլն ֆունտ սթեռլինգ՝ շրջանում սոցիալական բնակարանային ֆոնդը բարելավելու համար։ Նա պատգամավորի պաշտոնում իր գլխավոր նպատակն անվանել է անօթևանության դեմ պայքարը։