Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը մասնակցել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող քաղաքացիական մասնակցության հաբ» ծրագրի շրջանակում կազմակերպված մարզային ֆորումին։

ՄԻՊ–ից NEWS.am—ին հայտնում են, որ Ֆորումի ընթացքում քննարկվել են արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքի իրացման, հաղորդակցության մատչելիության ապահովման, իրավունքների պաշտպանության և համայնքային կյանքում լիարժեք ու ակտիվ մասնակցության խթանման համատեքստում։

Անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումների դերին՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար առկա խոչընդոտների հաղթահարման, տեղեկատվության և ծառայությունների հասանելիության ընդլայնման, ինչպես նաև հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը, մատչելի և ներառական միջավայրի ձևավորումը, ինչպես նաև նրանց ինքնուրույնության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցության ապահովումը։