Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում, 2028 թվականին Համագործակցությունում նախագահելու Ադրբեջանի որոշումը պատմական պահ է անվանել։

«Մեր կազմակերպության զարգացման նոր փուլը [Ադրբեջանի նախագահ] հարգարժան Իլհամ Հեյդարովիչ [Ալիևի]՝ 2028 թվականին առաջին անգամ նախագահությունը ստանձնելու որոշումն է։ Սա, անշուշտ, պատմական պահ է։ Այս մասին ասել է նաև հենց ինքը՝ նախագահը», - նրա խոսքերը մեջբերել է БелТА գործակալությունը։

«Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես կորոշի կատարել այդ պատվավոր գործառույթը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին», - հավելել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել իր ուզբեկ գործընկեր Շավքաթ Միրզիյոևին Ուզբեկստանի՝ 2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը ստանձնելու համաձայնության համար։ «Վստահ եմ, որ ուզբեկ բարեկամները, ինչպես միշտ, արժանապատվորեն կկատարեն այդ առաքելությունը», - ասել է պետության ղեկավարը։ «Բելառուսը ձեզ առավելագույն աջակցություն կցուցաբերի և ակտիվորեն կմասնակցի բոլոր գործընթացներին», - վստահեցրել է Լուկաշենկոն։