Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, այս պահին հավաքվել են մի շարք կրպակների ու շինությունների սեփականատերեր և բողոքում են, որ իրենց կրպակները քաղաքապետարանը որոշել է քանդել, այն դեպքում, երբ դրանք օրինական են և իրենք ունեն սեփականության վկայականներ։
Սեփականատերերից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Հարգելի վարչապետ, հարգելի քաղաքապետ, ահա, խնդրեմ մեր խանութների սեփականաշնորհման վկայականները, 20 օր առաջ եկել են, ստուգել են։ Պարզել են, որ պետք չի քանդել շինությունները։
Իսկ հիմա եկել ժամանակ են տվել, որ երեքշաբթի օրը գալու են քանդեն։ Մենք չգիտենք, չենք կարողանում կողմնորոշվել, խնդրում ենք ձեր աջակցությունը, պարոն վարչապետ։ Մեր հանդեպ գտնվեք մեծահոգի, բարեգութ, գոնե մեկ տարի ժամանակ տվեք, մարդը 90 թվից աշխատել է ցրտին, մթին։ Մյուսները փախել են դրսերում հարստություն ման գալով, ինքը այստեղ հիվանդություն է ձեռք բերել, վարկերի տակ է, գոնե մեկ տարի երկարաձգեք, վարկերից պրծնի։ Վաղն էլ կգաք տունը կքանդեք վարկերի համար։ Մենք ո՞նց անենք, գերի՞ ենք էս մեր երկրում, մեր հողի վրա»։
Նշենք, որ շուրջ մեկ ամիս առաջ այդ հատվածում քանդել են անօրինական կրպակները, ասել են, որ օրինական խանութներին ձեռք րեն տա, սակայն մեկ ամիս անց հայտարարել են, որ պետք է քանդվեն նաև օրինական, սեփականության վկայական ունեցող շինությունները։











