Գերմանական ավտոհսկան՝ BMW-ն, մտադիր է խզել ծառայողական ավտոմեքենայի լիզինգի պայմանագիրը, որը նախատեսված է Սաքսոնիա-Անհալտի լանդթագի նախագահի համար։ Ինչպես հայտնել է գերմանական Zeit պարբերականը, պատճառը այդ պաշտոնում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության ներկայացուցիչ Թոբիաս Ռաուշի ընտրվելն է։
Աղբյուրի տվյալներով՝ ընկերությունը որոշումը կայացրել է հենց այն օրը, երբ Ռաուշը ստանձնել է պաշտոնը՝ հոկտեմբերի 6-ին։ Այսպիսով, քաղաքական գործիչը դարձել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմության մեջ ԱԳհ-ից խորհրդարանի առաջին երկրամասային խոսնակը և այժմ մտնում է այդ կուսակցությունը ներկայացնող երկրի ամենաբարձրաստիճան պետական պաշտոնյաների շարքը։ Նրա ընտրությունը հնարավոր է դարձել սեպտեմբերի 6-ին կայացած տարածաշրջանային ընտրություններում ԱԳհ-ի վստահ հաղթանակից հետո։
BMW-ում իրավիճակը պաշտոնապես չեն մեկնաբանում։ Կոնցեռնի ներկայացուցիչը սահմանափակվել է ստանդարտ ձևակերպմամբ, թե ընկերությունը չի քննարկում հաճախորդների հետ հարաբերությունները։ Միաժամանակ, Zeit-ը հիշեցնում է, որ BMW-ի վարչության ղեկավար Միլան Նեդելկովիչը նախկինում ևս խիստ քննադատությամբ է հանդես եկել ԱԳհ-ի հասցեին։
Օրենսդրության համաձայն՝ լանդթագի նախագահը ծառայողական մեքենայի (վարորդով) իրավունք ունի ։ Ռաուշի նախորդը՝ ՔԴՄ-ից Գունար Շելենբերգը, վերջին ամիսներին օգտվում էր BMW 7-րդ սերիայի ավտոմեքենայից։ Այդ մեքենայի պայմանագրի ժամկետը լրանում է նոյեմբերին։ Եթե մինչ այդ պահը նոր մատակարար չհաջողվի գտնել, խորհրդարանի խոսնակը կարող է մնալ առանց փոխադրամիջոցի։ Հատկանշական է, որ գերմանական ավտոարտադրողների շրջանում առայժմ չկան ցանկացողներ՝ առաջարկել իրենց ծառայությունները, թեև Գերմանիայում քաղաքական գործիչներն ավանդաբար երթևեկում են հայրենական մակնիշների մեքենաներով։





























