Գագիկ Ծառուկյանի և այլ քաղաքական բանտարկյալների պաշտպանության խորհուրդը սահմանել է գործարար, քաղաքական գործիչ և քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ։ Այս մասին հոկտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում հայտնել է Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը։

Մրցանակը նվիրված է Հայաստանի անկախության 35-ամյակին։

Տոնոյանի խոսքով՝ մրցանակը բացառիկ է լինելու թե՛ աշխարհագրությամբ, թե՛ անվանակարգերի թվով։ Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են կազմակերպություններ և գործիչներ Հայաստանից և արտերկրից։

Նախատեսված են հետևյալ անվանակարգերը՝ իրավունքի պաշտպան, ազատության պաշտպան (անվանակարգը վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գործիչներին), հայկական աշխարհի միասնություն, սոցիալական ազդեցություն և հումանիզմ։ Նախատեսված է նաև «Ռոզա Ծառուկյան» (Գագիկ Ծառուկյանի մայրը) հատուկ անվանակարգը։

Մյուս մանրամասները կներկայացվեն հաջորդ շաբաթ։