2026 թվականի սկզբից եվրոպական արժույթը կորցրել է իր արժեքի մոտ 5%-ը և այժմ վաճառվում է 1,12 դոլարի մակարդակում։ Սա վերջին 17 ամիսների նվազագույն ցուցանիշն է։ Ըստ Oxford Economics-ի տնտեսագետ Ռիկարդու Ամարուի՝ պատճառներից մեկը դարձել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի քաղաքականության փոփոխությունը, մյուսը՝ Ֆրանսիայի պարտքերը, գրում է DW-ն։ Սեպտեմբերի վերջին արագացել է ֆրանսիական պետական պարտատոմսերի վաճառքը, ուժեղացել են կասկածները երկրի պետական ֆինանսների երկարաժամկետ կայունության վերաբերյալ։

Ֆրանսիան արդեն երկար տարիներ բախվում է խրոնիկական բյուջետային խնդիրների։ Երբ Էմանուել Մակրոնը 2017 թվականին եկավ իշխանության, պետական ծախսերը աճում էին միաժամանակ լայնածավալ հարկային արտոնությունների հետ։ Արդյունքում պետական պարտքն աճել է ավելի քան 1 տրիլիոն եվրոյով։ Այժմ Ֆրանսիայի պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին մոտենում է 118%-ի։ Բյուջեն շարունակում է մնալ դեֆիցիտային․ տարեկան դեֆիցիտը պարբերաբար գերազանցում է ՀՆԱ-ի 5%-ը, մինչդեռ Մակրոնի նախագահության սկզբում այն կազմում էր մոտ 3,4%։

Deutsche Bank-ի ստրատեգ Ջիմ Ռիդը նշել է, որ գերմանական և ֆրանսիական պարտատոմսերի եկամտաբերության տարբերությունը երբեմն այնքան էր մեծանում, որ շուկաներում «մինի-խուճապի» նշաններ էին ի հայտ գալիս։

«Հիմնական հարցն այն է՝ արդյոք տեղի ունեցողը եվրագոտում նոր պարտքային ճգնաժամի սկի՞զբն է, թե՞ շուկաները չափազանց սուր են արձագանքում իրավիճակին»,- նշել է Ռիդը։