Եգիպտոսի նախագայի թեկնածու, նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկի վրա նետել են կոշիկներ ու քարեր մայիսի 23-ին` ընտրությունների քվերարկության առաջին օրը:  Նախկին վարչապետը չի տուժել,քանի որ նրան պաշտպանել են թիկնապահներն ու նրան շրջապատած իր կողմնակիցները:Մի քանի տասնյակ մարդ հարձակվել է Շաֆիկի վրա, երբ նա դուրս է եկել ընտրատեղամասից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակվողները 2011 թվականի սկզբին եգիպտական հեղափոխության ժամանակ սպանված ցուցարարների ազգականներն են եղել, հայտնում է «ԻՏԱՌ- ՏԱՍՍ»-ը: 

Նշենք, որ Ահմեդ Շաֆիկը համարվում է ընտրություններում հաղթելու հնարավորություն ունեցող երեք թեկնածուներից մեկը: Հիշեցնենք, որ Եգիպտոսում նախագահական ընտրությունների առաջին օրը անցել է խախտումներով:Գործի են դրվում կաշառքները, չի դադարում քարոզչությունը: Կահիրեի ընտրատարածքներից մեկի մոտ ոստիկան են սպանել, նա հայտնվել էր նախագահի տարբեր թեկնածուների կողմնակիցների խաչաձեւ հրաձգության տակ:

Հավելենք, որ Եգիպտոսում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվում է մի քանի օրվա ընթացքում` մայիսի 23-ին եւ 24-ին: Նախնական արդյունքները հայտնի կդառնան մայիսի 27-ին: Այդ դեպքում, եթե թեկնածուներից որեւէ մեկը չստանա ընտրողների 50 տոկոսից ավելի ձայները, ապա հունիսի 16-ին եւ 17-ին կկայանա երկրորդ փուլը: