Ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհրդի առաջնորդ Բուրհան Գալյունը հրաժարական է տվել: «Ես երբեք պառակտման առիթ տվող գործիչ չեմ լինի»,-ասված է նրա հայտարարության մեջ:
Խորհուրդն ընդունել է նրա հրաժարականը, սակայն խնդրել է շարունակել կատարել խորհրդի ղեկավարի պարտականությունները, մինչեւ հունիսի սկզբին նոր առաջնորդ կընտրվի: Գալյունն, իր հերթին, առաջարկել է կառույցի վերակազմավորում իրականացնել:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, սիրիական ընդդիմությունը պառակտված է իր ստեղծման օրից: Արեւմտյան դիվանագետները բազմիցս դժգոհել են, որ Սիրիայի ազգային խորհրդում, որի շտաբ-բնակարանը գտնվում է Թուրքիայում, չկա նպատակ եւ միասնականություն:
Բացի այդ, խորհուրդը կապեր չունի Սիրիայի ազդեցիկ կլանների հետ:
Գալյունը հազմիցս փորձել է միավորել խորհրդի բոլոր 270 անդամներին, սակայն մարտին կազմակերպության շուրջ 20 ազդեցիկ անդամներ դուրս են եկել խորհրդից եւ ստեղծել Սիրիական հայրենասիրական խումբը:




























