ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնության գալ այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անտեսել է ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածները դադարեցնելու Վաշինգտոնի շուրջ վեց հորդորները։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իրավիճակին անմիջականորեն ծանոթ ամերիկացի պաշտոնյաներից մեկին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ուկրաինական հարձակումների շարունակվելն այն հիմնական պատճառներից էր, որոնք դրդեցին Թրամփին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ռուսական դիզվառելիքի արտահանմանն առնչվող քայլերի շուրջ։ Վաշինգտոնում հույս ունեն, որ էներգետիկ այս գործարքը կօգնի ցած բերել վառելիքի գները և Մոսկվային կստիպի զիջումների գնալ խաղաղ բանակցություններում։
Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Զելենսկին թերի է գնահատում սեփական դիրքորոշման հետևանքները։ Նրա խոսքով՝ ռուսական նավթավերամշակման գործարանների թիրախավորումը խաթարում է այն փոխվստահությունը, որը Ուկրաինայի նախագահին հաջողվել էր կառուցել Թրամփի հետ վերջին վեց ամսում։
Վերջին ամիսներին ուկրաինական հարվածները լուրջ վնաս են հասցրել Ռուսաստանի նավթավերամշակման ոլորտին՝ ավելի խորացնելով երկրի էներգետիկ ճգնաժամը։ Ի պատասխան՝ Մոսկվան արգելել է դիզվառելիքի արտահանումը, ինչն էլ ավելի է սրել համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը՝ Իրանում պատերազմի պատճառով էներգակիրների մատակարարման խափանումների ֆոնին։
Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ Թրամփը ձգտում էր, որ ուկրաինական կողմը միակողմանիորեն դադարեցնի հարվածները, քանի որ կարծում էր, թե դրանք բարձրացնում են բենզինի գնանշումները ԱՄՆ-ում։ Ընդ որում, Միացյալ Նահանգների նախագահը ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները չէր դիտարկում որպես ուկրաինական էներգահամակարգին հասցվող ռուսական հարվածներին համարժեք քայլ։
Ավելի վաղ Զելենսկին Թրամփին, ինչպես նաև նրա ներկայացուցիչներ Սթիվ Ուիթկոֆին ու Ջարեդ Քուշներին փոխանցել էր, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել հարձակումները ռուսական նավթավերամշակման ձեռնարկությունների վրա, եթե Ռուսաստանը նույնպես դադարի թիրախավորել ուկրաինական էլեկտրակայանները։ Սակայն Վաշինգտոնը պնդում էր, որ ուկրաինական կողմը դադարեցնի հարվածները՝ անկախ Մոսկվայի գործողություններից։
Մայամիում կայացած բանակցությունների ժամանակ ամերիկյան պատվիրակությունը ուկրաինական կողմին տեղեկացրել է Պուտինի հետ զրուցելու և ռուսական դիզվառելիքի արտահանման արգելքները հանելու Թրամփի մտադրության մասին։ Ուկրաինացի պաշտոնյան պնդում է, որ Ուիթկոֆն ու Քուշները սպառնացել են դադարեցնել հետախուզական տվյալների փոխանցումը Կիևին, եթե ԱՄՆ պահանջները շարունակեն անտեսվել։ Ամերիկյան կողմը, սակայն, հերքել է այս լուրը։
Զելենսկին Axios-ի հետ զրույցում խոստովանել է, որ Թրամփի որոշումն իր համար անակնկալ է եղել։ Ուկրաինայի նախագահն այդ գործարքն անվանել է «անարդար ու անազնիվ», ինչպես նաև Ռուսաստանի ղեկավարին մատուցված անհիմն նվեր։
Հերթական լարվածությունն ի հայտ է եկել խաղաղության համաձայնագրի հասնելու՝ ամերիկյան վարչակազմի ջանքերի ֆոնին։ Միևնույն ժամանակ, Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը որևէ կերպ չի հաստատել, որ պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ տարվող բանակցությունները։


























