Եվրամիությունը ցանկանում է պահպանել Հունաստանին եվրոյի գոտում, սակայն պայմանով, որ ապագա կառավարությունը կշարունակի կառուցվածքային բարեփոխումները: Այդ մասին ասվում է ԵՄ 27 երկրների առաջնորդների ամփոփիչ հայտարարության մեջ, որ ընդունվել է Բրյուսելում` ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ:

Գագաթաժողովի մասնակիցները խոստացել են Հունաստանին «մոբիլիզացնել եվրոպական կառուցվածքային հիմնադրամներն ու գործիքները, որ վերադարձնեն Հունաստանին տնտեսական աճի ու աշխատատեղերի ստեղծման ճանապարհ»:

Երկրի ապագա կառավարությունից, որ պետք է ձեւավորվի հունիսին կայանալիք արտահերթ ընտրությունների արդյունքում, ԵՄ առաջնորդներն ակնկալում են «կենսական նշանակության բարեփոխումների շարունակություն եւ պարտքային հավասարակշռության վերականգնում, մասնավոր ներդրումների ակտիվացում ու պետական հաստատությունների բարեփոխում»: