Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հիասթափված է Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումից` Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման երկարաձգման պայմանների համաձայնեցման բանակցությունների հետ կապված: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռազմական գերատեսչությանը մոտ կանգնած աղբյուրը:
Աղբյուրը, մասնավորապես նշել է, թե տարակուսած են վարձավճարի բազմակի ավելացման եւ կարճ ժամկետի անհիմն պահանջից:
Ըստ աղբյուրի, տարեկան վարձավճարը համարժեք է Ռուսաստանի տարածքում երկու նոր կայաններ կառուցելու գնին: Բացի այդ, Գաբալայի ՌԼԿ-ն խորը արդիականացման կարիք ունի, որի իրականացումը կապված է զգալի ֆինանսական ծախսերի հետ, ուստի Ռուսաստանը շահագրգռված է կայանը օգտագործել առնվազն 10-15 տարի:
Ստեղծված իրավիճակում, ըստ պաշտոնյայի, Ռուսաստանը չունի այլընտրանք, քան հեռանալ Գաբալայից: Նշենք, որ Ադրբեջանը պահանջում է տարեկան վարձավճարը 7-ից դարձնել 300 միլիոն: Դեկտեմբերի 24-ին լրանում է պայմանագրի ժամկետը:




























