Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը։
Վարչապետը շրջայց է կատարել բացահանքի տարածքում, ծանոթացել հանքավայրի շահագործման համար ստեղծված պայմաններին։ Հաջորդիվ կայացել է Ամուլսարի առաջին ոսկու կորզման և ձուլման հանդիսավոր արարողությունը, որով ազդարարվել է հանքավայրի շահագործման մեկնարկը։
Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրն իրականացվում է «Լիդիան Արմենիա» ընկերության և ՀՀ Կառավարության միջև ռազմավարական համագործակցության շրջանակում։
«Լիդիան Արմենիան» Հայաստան է բերել ժամանակակից և պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային լավագույն փորձն ու չափանիշները՝ Ամուլսարում ներդնելով աշխատանքային անվտանգության, բնապահպանական կառավարման, սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ և ժամանակակից տեխնոլոգիաներ։
Ընկերությունն Ամուլսարի ծրագրում ներդրել է ընդհանուր առմամբ շուրջ 750 մլն ԱՄՆ դոլար, որից 150 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ Կառավարության կողմից տրված պետական երաշխիքի հիման վրա։
Ամուլսարի հանքավայրում նախատեսվում է տարեկան արտադրել շուրջ 210,000 ունցիա ոսկի։ Ըստ մասնագիտական հաշվարկների՝ հանքի շահագործման արդյունքում «Լիդիան Արմենիայի» կողմից պետական բյուջե տարեկան վճարվող հարկերն ու ռոյալթիները կկազմեն շուրջ 130 մլն ԱՄՆ դոլար, Հայաստանի ՀՆԱ-ի վրա կլինի 1.5–2% դրական ազդեցություն։
Ամուլսարի ծրագրի գործունեության արդյունքում նախատեսվում է ապահովել ավելի քան 4,000 ուղղակի և անուղղակի աշխատատեղ։ Կառավարության, «Լիդիան Արմենիայի» և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների միջև կնքված Համայնքների զարգացման համաձայնագրով Ամուլսարի հանքավայրի շահագործման ողջ ընթացքում նախատեսվում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին տարեկան ուղղել 7-9 մլն ԱՄՆ դոլար:











