Սոչիի վրա հարձակումը հետ մղելուց հետո անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայի սահմանամերձ գոտում՝ Ծանդրիփշում, ՊՆ-ին հղումով հայտնում է Sputnik Աբխազիան։
Գերատեսչության տվյալներով, Սոչիի վրա հարձակումը հետ է մղվել հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով։ Խոցված անօդաչու թռչող սարքերից մեկը ընկել է Փսոու գետի շրջանում, որը ձգվում է Աբխազիայի և Ռուսաստանի սահմանով։
Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայություններն ու իրավապահ մարմինները։
«Իրավիճակը լիովին վերահսկվում է Աբխազիայի Հանրապետության ուժային կառույցների և պետական իշխանության մարմինների կողմից»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը քաղաքացիներին կոչ է արել պահպանել հանգստություն և հետևել նախազգուշական միջոցներին։ Կասկածելի առարկաների, չպայթած տարրերի կամ անօդաչու թռչող սարքերի բեկորների հայտնաբերման դեպքում չի կարելի մոտենալ դրանց, դիպչել կամ տեղափոխել դրանք։ Նման առարկաներ գտնելիս անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել արտակարգ ծառայություններին։





























