Մահացել է ազատամարտիկ, հանրային գործիչ Վարդան Մալխասյանը:
Նա մահացել է Արագածոտնի մարզում, Աշտարակի նախկին «Գայի պոստի» մոտ սեպտեմբերի 23–ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, որտեղ իրար են բախվել «Jeep» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Հիշեցնենք, որ այդ օրը, Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել էին Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Ռուստամ Թ․-ի վարած «Jeep» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 73-ամյա Վարդան Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդները և նրանցից մեկի ուղևոր՝ 42-ամյա Հրանտ Դ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վարդան Մալխասյանը եղել է «Հայ կամավորականների համախմբում» շարժման ղեկավարներից մեկը:
2006 թվականին ձերբակալվել է և դատապարտվել 2 տարվա ազատազրկման (ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով՝ իշխանությունը բռնությամբ տապալելու կոչեր անելու մեղադրանքով), իսկ 2008 թվականի դեկտեմբերին ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։
ԱԺ 2026–ի ընտրություններում նա «Հանուն Հանրապետության» կուսակցության համամասնական ցուցակի 10–րդ հորիզոնականում էր։





























