Ընդդիմադիր դաշտ անցնելու դեպքում ԲՀԿ-ի հետ տեղի կունենա այն, ինչ 2006թ-ին ՕԵԿ-ի հետ: Այս մասին, այսօր` մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, հավելելով, որ խոսքը վերաբերում է թե’ ոչ կայուն ընտրազանգվածին, թե’ կուսակցականներին:
Նա կարծիք հայտնեց, որ խոշոր կապիտալ ունեցող կուսակցությունն ընդդիմադիր դաշտ անցնելու դեպքում չի կարող պաշտպանել իր կապիտալն այնպես, ինչպես իշխանության ներսում եղած ժամանակ:
Միաժամանակ, ըստ Սաֆարյանի, չի բացառվում, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում հանդես գա սեփական թեկնածուով, սակայն, ըստ նրա ընդդիմությունը չպետք է թույլ տա, որ ֆավորիտ դառնա մի թեկնածու, ով Սերժ Սարգսյանի դրածոն է:
Ի դեպ, «Ժառանգության» պատգամավորը բացառեց, որ «Ժառանգությունը» կոալիցիա կկազմի իշխանության հետ, որի մասին գրում են որոշ լրատվամիջոցներ:




























