Հայաստանում COP-17 միջազգային համաժողովի կազմակերպման վրա հսկայական միջոցներ են ծախսվում, մինչդեռ երկրի բնապահպանական խնդիրները, այդ թվում՝ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված տարածքներում բնությանը հասցվող վնասը, պատշաճ ուշադրության չեն արժանանում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP-17 համաժողովի, ինչպես նաև Կարտախենայի և Նագոյայի արձանագրությունների շրջանակում հանդիպումների անցկացման հետ կապված Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության հետ համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 12-ին հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
«COP17-ը միջազգային կարևոր միջոցառում է, որը Հայաստանի համար պետք է դառնա նաև բնապահպանական խնդիրները հնչեցնելու հարթակ։ Այսքան միջոցներ մսխելուց հետո այս իշխանություններն ունե՞ն արդյոք քաջություն ասելու, որ Ադրբեջանը բնության նկատմամբ վանդալիզմ է իրականացնում մեր ինքնիշխան տարածքում։ Ադրբեջանը «Շիկահող» արգելոցում շուրջ 60 հեկտար անտառ է հատել ամրաշինական աշխատանքներ իրականացնելու համար, սակայն հայկական կողմից համապատասխան արձագանք այս մասով այդպես էլ չի եղել», — ասաց Յոլյանը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, սովորական գյուղացին կարող է պատասխանատվության ենթարկվել անգամ տուն կոտրված ճյուղ տանելու համար։
Նա անդրադարձավ նաև Սև լճի ջրային ռեսուրսներին և Ջերմուկի հիդրոլոգիական արգելավայրի խնդիրներին, որոնք նույնպես մեծապես գտնվում են ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։ Ընդդիմադիր գործչի պնդմամբ՝ ստեղծված իրավիճակն անդրադարձել է նաև Ջերմուկում ոռոգման ջրի հասանելիության վրա։
Խորհրդարանականը քննադատեց նաև COP-17-ի կազմակերպման ծախսերը։ Նրա խոսքով՝ փոխնախարարին ուղղակիորեն հարցրել են, թե ընդհանուր առմամբ որքան է նշված միջոցառումն արժենալու պետական բյուջեի վրա։ Այնուամենայնիվ, Կառավարության ներկայացուցիչն այդպես էլ որևէ կոնկրետ գումար չի նշել։
«Միայն մեկ ընկերության՝ «Մերիդիան» ընկերությանը շուրջ 22 միլիոն դոլար է փոխանցել ժամանակավոր կառույցների շինարարության համար», — ընդգծեց Յոլյանը։
Նա COP-17-ի վրա ծախսվող միջոցները համեմատեց բնակարանաշինության հնարավոր ծախսերի հետ՝ պնդելով, որ այդ փողերով Հայաստանում հնարավոր կլիներ կառուցել շուրջ 1000 բնակարան և մեղմել, մասնավորապես, Գորիս և Գյումրի քաղաքների բնակարանային խնդիրները։





























