Բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ ագրեսիայի դեպքում նոր պատերազմը չի սահմանափակվի ԼՂՀ սահմաններում: Այսօր` մայիսի 24-ին, մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց 4-րդ գումարման ԱԺ-ի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
Հիշեցնենք, որ օրերս տեսակամուրջի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ Հայաստանի հանդեպ ոչ բարեկամական գործողությունների դեպքում, ՀԱՊԿ անդամ երկրները անհրաժեշտ օգնություն կտրամադրեն:
Այս հայտարարությունը հիշեցնելով, ՀՅԴ անդամը նշեց. «Աստված չանի, բայց պատերազմի դեպքում այն կանդրադառնա ոչ միայն Լեռնային Ղարաբաղի վրա եւ դա շատ լավ հասկանում են Ադրբեջանում եւ Թուրքիայում»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի սադրանքներին հայկական կողմի պատասխան քայլերին, Հրայր Կարապետյանն ընդգծեց, որ Ադրբեջանը պարբերաբար ստիպում է պատասխան տալ:
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին ադրբեջանական կողմը մի շարք սադրիչ ակտիվ գործողություններ է իրականացրել. Ղարաբաղի հետ շփման գծում կրակահերթ է արձակել սանիտարական մեքենայի վրա, Հայաստանի հետ շփման գծում կրակահերթ է արձակել Դովեղ գյուղի մանկապարտեզի վրա, իսկ Բերդի ուղղությամբ կազմակերպվել է դիվերսիա, որի հետեւանքով երեք հայ զինվորական էր սպանվել:




























