Վերջին զանգի իմաստը քյաբաբ ուտելը չէ, կարծում է Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: «Երեխայի համար պետք է հետաքրքիր լինի ոչ միայն սեղանի շուրջ, այլեւ համերգասրահում, պատկերասրահում: Այդ ամենի հետ ծանոթացնել կարող ենք եւ պարտավոր ենք մենք` ծնողներս»,- ասել է Պողոսյանը:

Նրա կարծիքով, շրջանավարտի վրա հնարավորինս շատ գումար ծախսելու ծնողների ձգտումը բոլորովին էլ վատ չէ, վատ է ձեւավորված մեթոդը, որ ծախսելը նպատակ է դարձնում:

«Յուրաքանչյուր հարցման ժամանակ մեր հայրենակիցները կենսական գերակայությունների մեջ անշեղորեն նշում են երեխայի կրթությունը: Ավարտական երեկոյի կամ կրկնուսույցի հետ պարապելու վրա ընտանիքների միայն 10-12 տոկոսը կարող են առանց նեղվելու ծախսեր թույլ տալ: Բայց մյուսներն էլ բոլոր ուժերով փորձում են նման գումարներ գտնել, որ իրենց երեխաները հետ չմնան մյուսներից: Եւ դա մեր բնորոշ գծերից մեկն է»,- նշել է Պողոսյանը: