Ընդդիմադիրները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Երևանի Շինարարների փողոցում կրպակների ապամոնտաժման փորձերի առնչությամբ։ Այd մասին լրագրողների հետ զրույցում Շինարարների փողոցում, որտեղ քաղաքային իշխանությունները փորձում են ապամոնտաժել կրպակները, հայտարարել է «Հայաստան» դաշինքից պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
«Հաղորդումը ներկայացվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հիմքով, ինչին ուղեկցել է քաղաքացիներին առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու ծրագրավորումը։
Բացի դրանից, ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու փաստով, քանի որ կրպակներն ապամոնտաժել փորձած պաշտոնյաները գիտակցում էին օրինական ուժի մեջ մտած դատական որոշման առկայությունը։
Տեղի ունեցողը ցույց է տալիս, որ Եվրոպային կեղծորեն ձգտող այս իշխանությունների մոտ ամեն ինչ կեղծ է։
Ես հետևողական եմ լինելու։ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարը չպետք է շարունակի մնալ իր պաշտոնում, քանի որ օրենքից իրեն վեր դասող անձը պետական համակարգում անելիք չունի», - նշել է Մանուկյանը։











