Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Մանուկ Վարդանյանն այսօր` մայիսի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց ՕԵԿ-ից դուրս գալու հանգամանքը: «Որքան հասկանում եմ` մայիսի 22-ից «Օրինաց երկիր» կուսակցությունից բոլորն էլ դուրս են եկել, ու պետք է նոր կարգով անդամագրվեն»,- ասաց Մ. Վարդանյանը:

Հարցին` թե կրկին կանդամագրվի՞ ՕԵԿ-ին, Մ. Վարդանյանն  ասաց` «նոր կարգը սահմանեն` կնայենք»:

Մ. Վարդանյանը նաեւ հրաժարվեց մեկնաբանել իր հրաժարականի մասին լուրերը` խորհուրդ տալով այդ մասին հարցնել վարչապետին:

Հիշեցնենք, որմայիսի 22-ին «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ, որով նշել էր, որ շարունակելու է քաղաքական համագործակցությունը իշխանությունների հետ:

Բացի այդ նշվել էր, որ «հիմք ընդունելով կուսակցական կազմակերպություններից ստացված առաջարկները եւ համակողմանի վերլուծելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները, կուսակցությունը որոշել է լուծարել ՕԵԿ համայնքային, տարածքային եւ մարզային բոլոր կառույցները եւ ս.թ. հունիսի 1-ից ձեռնարկել կուսակցության վերակազմավորման, կառուցվածքային փոփոխությունների եւ կուսակցությանը անդամագրման կարգի կատարելագործման գործընթաց:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի