ՀՀ նախագահի հրամանագրով՝ տնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, «Ռենշին» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանն արժանացել է Անանիա Շիրակացու պետական մեդալին: Բարձրագույն պարգևը գործարարին հանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, անդրադառնալով իրադարձությանը, ընդգծել է, որ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել Էդուարդ Մարությանի տնտեսական գործունեությունը և մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ մասնագիտական ասպարեզում։ «Մենք պատրաստ ենք կանգնել մեր այն բոլոր գործարարների կողքին, ովքեր պատրաստ են և ուզում են միասին, արդար քրտինքով ու ստեղծագործ մտքով փոխել Հայաստանի Հանրապետությունը և այն դարձնել ավելի լավը»,- նշել է Պապոյանը։

«Ռենշին» ընկերությունն այսօր հայաստանյան տնտեսության և քաղաքաշինության գլխավոր շարժիչ ուժերից մեկն է: Ընկերության հայտարարության համաձայն՝ պարգևը ոչ միայն մեծ պատիվ է, այլև իրենց անցած ճանապարհի կարևոր ձեռքբերումը, որը ոգեշնչում է շարունակել աշխատանքը՝ նպաստելով Հայաստանի տնտեսության և քաղաքային միջավայրի զարգացմանը:

Ներկայումս «Ռենշինի» կողմից իրականացվում են շուրջ 2 մլրդ դոլար ոլորտային ընթացիկ ներդրումներ, իսկ կառուցապատվող մակերեսի ծավալն ավելին է, քան 1 մլն քառակուսի մետրը։ Ընկերության ռազմավարության առանցքում միջազգային հեղինակավոր ընկերությունների հետ գործակցությունն է և այնպիսի խոշոր, քաղաքային ապրելակերպը վերափոխող նախագծերի իրագործումը, ինչպիսիք են World Trade Center-ը (WTC), ArtLife-ն ու Skyline-ը։