Տարածաշրջանում առաջին անգամ «Samsung Electronics»  ընկերությունը Smart TV-ների նոր ES8000 սերիայի շնորհանդեսը կազմակերպեց Երեւանում։ Այսօր՝ մայիսի 24-ին, կայացած ասուլիս-շնորհանդեսում «Samsung Electronics»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանի, «UCOM Telecommunication Company»-ի ղեկավար Հայկ Եսայանի եւ «Samsung Electronics»-ի հայաստանյան ներկայացուցչության աուդիո-վիդեո, IT ոլորտի մարկետինգային պատասխանատու Էդգար Մարգարյանի մասնակցությամբ ներկայացվեց «Samsung»-ի նորագույն հեռուստացույցը։

Հարավկորեական ընկերությունը նոր հեռուստացույցով նոր մարտահրավեր է նետել իր ոլորտի մյուս ընկերություններին։ Smart TV-ն ավելի շուտ առանց «քեյսի» ու հսկայական էկրանով համակարգիչ է հիշեցնում քան հեռուստացույց։ Ընդհանրապես Smart TV-ների ի հայտ գալով՝ հեռուստացույցի մասին դասական պատկերացումները փոխվել են, սակայն «Samsung»-ն այս անգամ գերազանցել է ինքն իրեն  40, 46, 55, 65, իսկ ամերիկյան շուկայի համար նախատեսված նաեւ 60 ու 75 դյույմ անկյունագծով այս հեռուստացույցն ունի LED էկրան, մոտ 1 ԳԲ օպերացիոն հիշողություն եւ երկմիջուկանի պրոցեսոր։ Հեռուստացույցի օգտատերը կարող է միաժամանակ կարդալ նորություններ ինտերնետով, նաեւ հայերեն լեզվով, եւ ասենք լսել երաժշտություն եւ էլի գործողություններ կատարել, քանի որ Smart TV-ն թույլ է տալիս միաժամանակյա մի քանի օպերացիաներ անել։ Հեռուստացույցը կառավարվում է ձայնով, ձեռքով, եւ բնականաբար հեռակառավարման վահանակով։ Ճիշտ է, ձայնային կառավարման լեզուն առայժմ ռուսերենն ու անգլերենն է, սակայն վստահաբար կարող ենք փաստել, որ ES8000-ը հասկանում է հայկական առոգանությամբ ռուսերենը, դա հաստատվեց շնորհանդեսում։

Ավելին չմանրամասնելով հեռուստացույցի տեխնիկական առանձնահատկությունները նշենք, որ շնորհանդեսի հետ մեկտեղ մեկնարկեց նաեւ «Samsung Electronics»-ի եւ «UCOM Telecommunication Company»-ի համատեղ կազմակերպած ակցիան։ Մինչեւ հունիսի 24-ը Սամսունգ, Զիգզագ եւ Ֆայն ֆիրմային վաճառասրահներից ցանկացած  Samsung հեռուստացույց  գնելու դեպքում հնարավորություն կա շահելու Եվրո 2012-ի եզրափակչի տոմս երկու զույգի համար։ Ակցիան գործում է UEFA-ի հյուրընկալության ոսկյա փաթեթի շրջանակներում:

Բացի գլխավոր մրցանակից գործում են նաեւ պարտադիր շահումներ` բջջային հեռախոսներ, ֆոտոխցիկներ, Galaxy Tab-եր եւ իհարկե U!TV Full փաթեթ-ի  1, 6 եւ 12 ամսվա անվճար բաժանորդագրություն:

«Samsung Electronics»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանի խոսքով, հեռուստացույցը իր մեջ է ներառում տեսախցիկը, Wi Fi ընդունիչը, եւ այլ հավելյալ սարքեր, որոնք նախորդ մոդելներում բացակայում էին։ Ըստ նրա՝  Smart TV-ները Հայաստանում բավականին մեծ սպառում ունեն եւ շուկայից դուրս են մղում սովորական հեռուստացույցներին։

Ըստ վիճակագրության՝ 2011թ-ին շուկայում  Smart TV-ների վաճառքը կազմել է 30 տոկոս, սակայն այս տարի շուկայի մասնագետներն ակնկալում են, որ վաճառքի ցուցանիշը կկազմի մինչեւ 70 տոկոս։