Գերմանիայի Նյուրնբերգի օդանավակայանը երեքշաբթի օրը ժամանակավորապես դադարեցրել է չվերթները՝ օդում արտակարգ իրավիճակի մասին ստացված հաղորդման պատճառով, փոխանցում է Reuters-ը։

Միջադեպի պատճառը դեռևս պարզված չէ, սակայն ոստիկանությունը հայտնել է, որ այն ինքնաթիռը, որի մասին ստացվել էր ահազանգը, ապահով վայրէջք է կատարել։

Օդանավակայանի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է ավիացիոն արտակարգ իրավիճակի պատճառով թռիչքների ժամանակավոր դադարեցման մասին։ Ադմինիստրացիան առայժմ հավելյալ մանրամասներ չի տրամադրել՝ խոստանալով նոր տեղեկություններ հայտնել ավելի ուշ։

«Մենք հաղորդում ենք ստացել ավիացիոն անորոշ արտակարգ իրավիճակի մասին»,— X սոցիալական ցանցում հայտարարել է ոստիկանությունը։ Նրանց տվյալներով՝ ինքնաթիռն այդ ընթացքում արդեն անվտանգ վայրէջք էր կատարել Նյուրնբերգում։ Տեղի ունեցածի պատճառները պարզվում են։

Գերմանական Bild պարբերականը հայտնել է, որ օդանավակայանում օդային երթևեկությունը կարող էր խաթարված լինել դեռևս գիշերը՝ ենթադրյալ անօդաչու թռչող սարքի նկատման պատճառով։ Պարբերականի տեղեկություններով՝ երեք օդաչու, իրարից անկախ, թռիչքի կամ վայրէջքի պահին հայտնել են նկատված օբյեկտի մասին։

Քննությունը շարունակվում է։