Բրիտանական հակահետախուզական ծառայություն MI5-ն օտար պետություններից բխող սպառնալիքներին հակազդելու համար ավելի շատ ռեսուրսներ է ուղղում, քան սառը պատերազմի տարիներին։ Դրա մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Քեն ՄըքՔալումը՝ Ռուսաստանին անվանելով «թիվ մեկ ագրեսոր» և նախազգուշացնելով Իրանի, աջ ծայրահեղականների ու արհեստական բանականություն օգտագործող ահաբեկիչների կողմից «սպառնալիքների ուժեղացման» մասին, հաղորդում է BBC News-ը:
Լոնդոնում MI5-ի կենտրոնակայանում ունեցած իր տարեկան ելույթում ՄըքՔալումը հայտնել է, որ վերջին տասնամյակում օտար հակառակորդներից բխող սպառնալիքները քառապատկվել են։ Նրա գնահատմամբ՝ այժմ ահաբեկչությանը և պետություններից բխող սպառնալիքներին հակազդելու օպերատիվ աշխատանքի ծավալները գրեթե հավասարվել են։
ՄըքՔալումը Ռուսաստանին մեղադրել է եվրոպական երկրների դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ։ Նրա գնահատմամբ՝ Մոսկվան փորձում է ապակայունացնել իրավիճակը Եվրոպայում՝ միաժամանակ չհրահրելով ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պատասխանը։ Դաշինքի հետ ուղիղ հակամարտության անցնելը Կրեմլի համար կդառնար «հիմար քայլ», զգուշացրել է MI5-ի ղեկավարը։
Նա հայտարարել է նաև, որ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմում ռուսական զորքերի առաջխաղացումը մնում է նվազագույն և ձեռք է բերվում «սարսափելի գնով»։
Ըստ ՄըքՔալումի՝ Մեծ Բրիտանիայից հետախուզական գործունեության հետ կապված գրեթե հազար ռուսասատանցի ներկայացուցիչների արտաքսումից հետո Կրեմլի հնարավորությունները գաղտնի գործողություններ իրականացնելու համար կրճատվել են։ Այժմ Ռուսաստանը, պնդում է MI5-ի ղեկավարը, ավելի ու ավելի հաճախ փորձում է հանցագործների վարձել՝ արտերկրում առաջադրանքներ կատարելու համար։
Առանձին ՄըքՔալումը զգուշացրել է նաև Մեծ Բրիտանիայում Իրանի ակտիվության ուժեղացման մասին։ Վերջին մեկ տարվա ընթացքում Իրանին առնչվող գործերով 50 մարդ է ձերբակալվել։ Հետախուզության ղեկավարի գնահատմամբ՝ իրանական գործունեությունը հիմնականում ուղղված է եղել հրեական համայնքների դեմ, սակայն նաև առնչվել է ավելի պաշտպանված օբյեկտների, դրանց թվում՝ ռազմական։
ՄըքՔալումը ևս մեկ լուրջ սպառնալիք է անվանել ահաբեկիչների կողմից արհեստական բանականության կիրառումը։ Ըստ նրա՝ MI5-ն արդեն բացահայտել է ԱԲ-ն հետախուզության և հարձակման մեթոդների կատարելագործման համար օգտագործելու փորձեր, այդ թվում՝ անօդաչու սարքերի միջոցով։ Տեխնոլոգիաները միաժամանակ հնարավորություն են տալիս ստեղծել կոնկրետ մարդկանց համար հարմարեցված քարոզչական նյութեր։
MI5-ի ղեկավարի ամենամեծ անհանգստությունը հարուցում է ծայրահեղականների կողմից ԱԲ-ի օգտագործման հնարավորությունը՝ կենսաբանական զենք մշակելու համար։ Առայժմ այդ սպառնալիքը չի իրագործվել, սակայն տեխնոլոգիաների զարգացումը կարող է էապես բարձրացնել նման զենքի առկա և նոր տեսակների վտանգավորությունը։ Բրիտանական հատուկ ծառայություններն այդ ռիսկերին հակազդելու ուղղությամբ աշխատում են Մեծ Բրիտանիայի Արհեստական բանականության անվտանգության ինստիտուտի հետ համատեղ։
ՄըքՔալումը նաև ուշադրություն է հրավիրել աջ ծայրահեղական ահաբեկչության աճի վրա։ Ապրիլին երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է մինչև «լուրջ» աստիճանի․ դա նշանակում է, որ ահաբեկչական գործողությունը միանգամայն հավանական է համարվում։ Ըստ MI5-ի ղեկավարի՝ նկատելի միտում է դարձել արմատական հակամիգրացիոն և հակամահմեդական տրամադրությունների վերածումը ահաբեկչական հանցագործություններ կատարելու մտադրության։
Նա հավելել է, որ աջ ծայրահեղական արմատականացումը հաճախ ազդում է երիտասարդների վրա և տարածվում է համացանցի միջոցով։ Մասնավորապես, MI5-ը հետաքննել է 13-ամյա մի դեռահասի գործ, որն արմատականել էր դարձել ծայրահեղ աջ գաղափարների ազդեցության ներքո։ Հետաքննության ընթացքում ստացված տեղեկություններն օգնել են միջազգային գործընկեր ծառայություններից մեկին կանխել մահաբեր հարձակում Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս։
ՄըքՔալումն ընդգծել է, որ «Ալ-Քաիդա» և «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումները շարունակում են ոգեշնչել և կազմակերպել ահաբեկչական գործողություններ, իսկ բրիտանական իշխանություններն օտար պետությունների, դրանց թվում՝ Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի գործունեությանը հակազդելու համար կիրառում են 2023 թվականի Ազգային անվտանգության մասին օրենքը։





























