Թուրքմենստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը ձեռնամուխ է եղել երկրում թվով երկրորդ կուսակցության ձեւավորմանը: Նոր կառույցին միանալու կոչը տպագրվել է «Ռիսգալ» թերթում, հաղորդում է Lenta.ru-ն:

Հայտարարությունը մեջբերել է «Խրոնիկա Թուրքմենիստանա» պարբերականը. «Ի գիտություն Թուրքմենստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների. Թուրքմենստանի «Կուսակցությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիման վրա, երկրի գործարարների կողմից կազմավորված կազմկոմիտեն որոշել է Թուրքմենստանի գործարարների կուսակցություն հիմնել:

Հաղորդում ենք, որ ընդունում ենք դիմումներ գործարարներից` կուսակցությանն անդամագրվելու համար»:

Ներկայումս, ինչպես նաեւ անկախության 20 տարիներին Թուրքմենստանում գործում է միայն մեկ կուսակցություն` Դեմոկրատական կուսակցությունը: Այն ստեղծվել է 1991 թվականին` Թուրքմենական ԽՍՀ Կոմկուսի վերափոխման արդյունքում: Հունվարին (նախագահական ընտրություններից առաջ) երկրի խորհրդարանը «Կուսակցությունների մասին» օրենք է ընդունել , որը կարգավորում է դրանց ստեղծումը եւ փոխհարաբերությունները պետության հետ: