Չմտնելով կոալիցիայի մեջ` «Բարգավաճ Հայաստանը» կունենա բացասական ռեսուրսի կորուստ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ընտրական եւ քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

«Նաեւ ընտրազանգվածի մի փոքր, երեւի մեկ տոկոսի չափով կորուստ: Փոխարենը ԲՀԿ-ն կունենա հետագայում գործելու հնարավորություն, կպահպանի իր ազդեցությունը եւ վարկանիշը, եւ եթե կուսակցությունը ենթարկի քաղաքական որակի փոփոխման եւ կազմակերպչական լուրջ հարցեր իրականացնի, էլ ավելի կմեծացնի իր ազդեցությունը»,- նշել փորձագետը:

Հարցին, թե կարո՞ղ է ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով, Արմեն Բադալյանը պատասխանեց. «Տեսականորեն կարող է, բայց մինչեւ նախագահական ընտրություններ բազմաթիվ անելիքներ կան: Նախագահականն այդքան էլ կարեւոր չէ, կարեւորը կուսակցության որակի փոփոխությունն է եւ կազմակերպչական հարցերի լուծումը»:

Հարցին, թե ԲՀԿ-ի որոշման վրա որքանո՞վ է ազդել դրսի ուժերի գործոնը, Բադալյանը պատասխանեց. «Կարող եմ ենթադրել, որ Հայաստանի իշխանությունների ձեւավորման գործում բավական մեծ դեր է խաղում Հայաստանից դուրս գտնվող ուժերի գործոնը, թե որքան չեմ կարող ասել: Ինչու չցանկացավ շարունակել, որովհետեւ եթե մտներ կոալիցիա, փաստացի դադարելու էր գոյություն ունենալուց, վերածվելու էր ՕԵԿ-ի»: