Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ռաֆայել Գլյուքսմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Եվրոպան թուլացնելու մեջ, երբ Վաշինգտոնը որոշել է մեղմել ռուսական դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները, գրում է Politico‑ն։
Նրա գնահատմամբ՝ նման քաղաքականությունը ձեռնտու է Կրեմլին և խաթարում է եվրոպական երկրների անվտանգությունը։
«Միացյալ Նահանգների ղեկին կանգնած է մի մարդ, որը կա՛մ օգտակար ապուշ է, կա՛մ գործում է որպես եվրոպական ուժն ու ազատությունը քանդող գործակալ»,- հայտարարել է Գլյուքսմանը Փարիզում Politico‑ի մրցունակությանը նվիրված գագաթնաժողովում։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի անմիջական սպառնալիք է Եվրոպայի համար, որը, նրա գնահատմամբ, մնում է այդ սպառնալիքի հետ դեմ առ դեմ։
Քաղաքական գործիչը նախազգուշացրել է նաև, որ իր ծայրահեղ աջ մրցակից Մարին Լը Պենի հաղթանակը Ֆրանսիայում 2027 թվականի նախագահական ընտրություններում կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակը և կմոտեցնի «եվրոպական մայրցամաքի պարտությունը»։
Լը Պենը ավելի վաղ ասել էր, որ Պուտինի նկատմամբ «հիացմունքի որոշակի ձև» է զգում։ 2014 թվականին նրա «Ազգային միավորում» կուսակցությունը վարկ էր ստացել Ռուսաստանի հետ կապված բանկից։ Լը Պենը պարզաբանել էր, որ ֆրանսիական բանկերը հրաժարվում էին ֆինանսավորել իր քաղաքական ուժը, և հերքել էր, թե վարկն ազդել է իր հայացքների վրա։ Հետագայում կուսակցությունը մարել է պարտքը։
Թեև Լը Պենը դատապարտել է Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա, նրա կուսակցության որոշ ներկայացուցիչներ հանդես են գալիս Կիևին օգնություն ցուցաբերելու դեմ և աջակցում են Մոսկվայի հետ ավելի սերտ հարաբերություններին։ Ինքը՝ քաղաքական գործիչն, ընդունել էր Ուկրաինային Ֆրանսիայի կողմից ռազմական պատրաստության և այլ օգնության տրամադրման հնարավորությունը, սակայն հայտարարել էր, որ երկիրն այլևս չի կարող իրեն թույլ տալ Կիևին ֆինանսական աջակցություն՝ բյուջետային սահմանափակումների պատճառով։
Ըստ POLITICO‑ի հարցումների համախմբված տվյալների՝ Լը Պենը 2027 թվականին նախատեսված նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ երկնիշ թվով տոկոսային կետերով առաջ է մրցակիցներից։ Գլյուքսմանը զբաղեցնում է չորրորդ տեղը՝ զիջելով նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպին և ձախ թևի թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնին։ Եթե թեկնածուներից ոչ մեկը առաջին փուլում չստանա ձայների կեսից ավելին, կանցկացվի երկրորդ փուլ։
Գլյուքսմանը, որը ներկայացնում է ֆրանսիական քաղաքականության եվրոպամետ թևը, հանդես է գալիս եվրոպական պաշտպանական արդյունաբերության ամրապնդման և Ուկրաինայի պաշտպանության համար հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու օգտին։ Նա կարծում է, որ Եվրոպան չափազանց երկար ժամանակ անվտանգության հարցերում հենվել է Վաշինգտոնի վրա։
«Տասնամյակներ շարունակ մենք մեր ինքնիշխանությունն ու անվտանգությունը փոխանցել ենք Վաշինգտոնին և հիմա հասկանում ենք, թե ինչ մեծ սխալ էր դա»,- հայտարարել է քաղաքական գործիչը։
Նա միաժամանակ առաջարկել է համատեղ միջոցներ ներգրավել եվրոպական պաշտպանական նախագծերի ֆինանսավորման համար։ Նրա կարծիքով՝ ԵՄ առանձին երկրներ, ներառյալ Գերմանիան, մոտ ապագայում չեն կարողանա ինքնուրույն պատրաստվել Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ‑ի նման տերությունների հետ ապագա հակամարտություններին։ Միևնույն ժամանակ Եվրամիության ներսում պահպանվում են տարաձայնությունները դաշինքի մաս չկազմող երկրների՝ եվրոպական պաշտպանական ֆինանսավորմանը հասանելիության հարցում։
2027 թվականի ապրիլին նախագահի ընտրվելու դեպքում Գլյուքսմանը մտադիր է ամրապնդել հարաբերությունները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների հետ։ Նրա կարծիքով՝ ֆրանսիական առաջնորդը պետք է ավելի հաճախ այցելի Վարշավա և Տալլին, այլ ոչ թե ձգտի մերձենալ Մոսկվայի և Պեկինի հետ։
Չինաստանի հետ հարաբերություններում թեկնածուն կոչ է արել ԵՄ‑ին օգտագործել իր տնտեսական հնարավորությունները՝ առևտրի ավելի շահավետ պայմանների հասնելու համար։ Նա աջակցել է նաև Եվրամիության ծրագրին՝ մինչև 2035 թվականը հրաժարվել ներքին այրման շարժիչներով նոր ավտոմեքենաներից և հանդես է եկել էլեկտրամոբիլների մեջ ներդրումներ անելու օգտին, որպեսզի եվրոպական արդյունաբերությունը Չինաստանին չզիջի այդ շուկան։
Ներքաղաքական ասպարեզում Գլյուքսմանն աջակցել է ֆրանսիացի դպրոցականների բողոքներին, որոնք դժգոհ են ուսուցիչների պակասից, գերբեռնված դասարաններից և ուսումնական հաստատությունների վատ վիճակից։ Նա աշակերտների պահանջներն անվանել է «միանգամայն օրինական և հիմնավորված» և հայտարարել, որ ֆրանսիացի ուսուցիչները չափազանց ցածր աշխատավարձ են ստանում։



























