Չինական Մեծ պատը մարդկության պատմության ամենահայտնի և հզորագույն կառույցներից մեկն է, որը զարմացնում է իր մասշտաբներով և հնագույն պատմությամբ։ NEWS.am-ի թղթակիցը բարձրացել է այդ լեգենդար ճարտարապետական հուշարձանի վրա, որպեսզի անձամբ զգա դրա վեհաշուք մթնոլորտը։

Դարաշրջանի շունչն այստեղ զգացվում է ամեն քայլափոխի և յուրաքանչյուր աստիճանի վրա, իսկ դրանք այստեղ իսկապես անչափ շատ են։ Չինական Մեծ պատը ճանաչվել է աշխարհի խոշորագույն ճարտարապետական օբյեկտներից մեկը։ Դրա շինարարությունը սկսվել է դեռևս մ.թ.ա. III դարում, իսկ ընդհանուր երկարությունը գերազանցում է 21 հազար կիլոմետրը։ Սկզբնապես կառուցված լինելով կայսրության սահմանները թյուրքական ցեղերից պաշտպանելու համար՝ այսօր պատը վերածվել է Չինաստանի գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկի՝ գրավելով հազարավոր ճանապարհորդների ամբողջ աշխարհից։

Պատով վերելքը դառնում է իսկական ֆիզիկական փորձություն։ Դժվարությունը միայն աստիճանների թվի մեջ չէ, այլև թեքության կտրուկության. որոշ հատվածներում անկյունն այնքան զառիվեր է, որ վեր բարձրանալու համար գրեթե պետք է մագլցել։

Սակայն ցանկացած դժվարություն մոռացվում է, հենց որ հայտնվում ես գագաթին։ Շունչ կտրող տեսարանը լիովին արդարացնում է անցած ճանապարհը. գեղատեսիլ լեռնաշղթաներն ու պատի ոլորապտույտ գիծը ձգվում են առաջ՝ բազմաթիվ կիլոմետրերով։

Ինչպես ասել է Մաո Ցզեդունը՝ «Ով չի բարձրացել Չինական Մեծ պատը, նա իսկական հերոս չէ»։ Եվ դա իսկապես այդպես է. որքան էլ բարդ լինի վերելքը, ապրած հույզերն ու վեհաշուք համայնապատկերներն արժեն գործադրված յուրաքանչյուր ջանքի։

Դիանա Առուշանյան, Պեկին