Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը մինչև Իսրայելում խորհրդարանական ընտրությունները, որոնք նշանակված են հոկտեմբերի 27-ին։

Իսրայելական 12-րդ հեռուստաալիքի տվյալներով, որը հղում է անում ամերիկացի և իսրայելացի պաշտոնյաներին, Նեթանյահուն վերջին երկու շաբաթվա ընթացքում մի քանի անգամ բարձրացրել է այդ հարցը Թրամփի հետ զրույցներում։

Ըստ ամերիկյան աղբյուրների՝ իրենց մոտ տպավորություն է ստեղծվել, որ իսրայելցի վարչապետը շահագրգռված է հարվածների վերսկսմամբ մինչև քվեարկությունը։ Նեթանյահուի փաստարկներից մեկը դարձել են Իրանի նոր գործողությունները միջուկային ոլորտում, որոնք նա անվանել է մտահոգիչ։

Աղբյուրների տվյալներով՝ խոսքը վերաբերում էր ԱՄՆ-ի և Իսրայելի լայնածավալ համատեղ գործողությանը, որը կարող էր ներառել հարվածներ Իրանի ռազմական օբյեկտներին և միջուկային ենթակառուցվածքին։

Ամերիկացի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Թրամփը բազմիցս քննարկել է այդ հնարավորությունը Նեթանյահուի հետ և ինչ-որ պահի հասկացնել է տվել, որ Իսրայելը կարող է պատրաստվել գործողությանը։ Սակայն ամերիկացի նախագահը որևէ կոնկրետ պարտավորություն չի ստանձնել։

«Թրամփը նրան մոտավորապես այսպես ասաց. «Լավ, Բիբի, գործիր և պատրաստվիր»։ Բայց նա որևէ իրական խոստում չի տվել։ «Պատրաստվիր»-ը կարող է նշանակել հիմա, ավելի ուշ կամ երբեք»,- պատմել է աղբյուրը։

Միաժամանակ, իսրայելացի պաշտոնյայի պատմելով, անվտանգության ծառայությունների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ Նեթանյահուն պնդել է, որ հենց Թրամփն է առաջինը բարձրացրել լայնածավալ պատերազմի վերսկսման հարցը և հարցրել՝ արդյոք Իսրայելը կմիանա՞ գործողությանը։

Իսրայելի վարչապետի գրասենյակում հերքել են այն պնդումները, ըստ որոնց Նեթանյահուն ամերիկացի նախագահին նոր հարվածների է դրդում։ Այնտեղ հայտարարել են, որ Իսրայելի առաջնորդը պարբերաբար շփվում է Թրամփի և նրա վարչակազմի ներկայացուցիչների հետ, սակայն չի մեկնաբանում խոսակցությունների բովանդակությունը։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություններից։

Ամերիկյան վարչակազմում, ինչպես պնդում են հեռուստաալիքի աղբյուրները, այս հարցում միասնություն չկա։ Լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման կողմնակիցների թվում նշվում են ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչները։ Թրամփի խորհրդականների մեծամասնությունը, ընդհակառակը, նախընտրում է շարունակել պատժամիջոցային ճնշումն ու տնտեսական սահմանափակումները՝ համարելով, որ դրանք աստիճանաբար արդյունք են տալիս։

Պատերազմի հնարավոր վերսկսման քննարկումը մտահոգություններ է առաջացնում նաև Իսրայելի ընտրությունների վրա դրա հնարավոր ազդեցության պատճառով։ Աղբյուրների գնահատմամբ՝ Իրանը կարող է պատասխանել հարյուրավոր բալիստիկ հրթիռներով, ինչը վտանգ կստեղծի բնակչության համար և կարող է հանգեցնել քվեարկության հետաձգմանը։ Ինչպես հաղորդվում է, Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնի հետ քննարկել է առաջիկա երեք շաբաթվա ընթացքում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը։

Աղբյուրները նշում են նաև, որ ընտրություններից կարճ ժամանակ առաջ պատերազմի վերսկսումը կարող է մեղադրանքներ առաջացնել ռազմական գործողությունը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ և վնասել բանակի նկատմամբ հասարակական վստահությանը։

Մինչդեռ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները վերջնականապես չեն դադարեցվել, թեև Կատարից միջնորդները դեռևս սպասում են ԱՄՆ-ի վերջին առաջարկների վերաբերյալ Իրանի պատասխանին։