ԱՄՆ-ը չի կարողացել նախազգուշացնել Ուկրաինային ռուսական բալիստիկ հրթիռների արձակման մասին՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, որոնք, ենթադրաբար, խափանել են ահազանգման համակարգի աշխատանքը, Politico-ին հայտնել է իրավիճակին ծանոթ անանուն պաշտոնյան։
Կիևում նման բացատրությունը համարում են անբավարար, իսկ նախազգուշացման բացակայությունը մտահոգություն է առաջացնում ուկրաինական կողմում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի վերջին հարձակման ժամանակ երկիրը ենթարկվել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարքի և հինգ բալիստիկ հրթիռի հարվածի, սակայն գործընկերները Կիևին չեն նախազգուշացրել հրթիռների արձակման մասին։
«Հետախուզական տեղեկությունները ռուսական բալիստիկ հրթիռների արձակման մասին օգնում են կյանքեր փրկելուն։ Սա ամենակարևոր հարցերից մեկն է, քանի որ նախազգուշացումը հնարավորություն է տալիս կանխելու մարդկանց մահը»,- գրել է Զելենսկին X սոցիալական ցանցում։ Նրա ասելով՝ այս անգամ գործընկերներից նախազգուշացում չի ստացվել։
Սովորաբար Ուկրաինան տեղեկություն է ստանում նախապատրաստվող հրթիռային հարվածների մասին Battlespace Command and Control Center մարտական գործողությունների կառավարման համակարգի միջոցով, որն օգտագործում են ամերիկացի զինվորականներն ու ՆԱՏՕ-ի այլ գործընկերները։ Politico-ի տվյալներով՝ ամերիկյան կողմը նախազգուշացման բացակայությունը բացատրել է վատ եղանակային պայմաններով։ Միևնույն ժամանակ Կիևում նման պատճառը համոզիչ չեն համարում, իսկ պարբերականի զրուցակիցներից մեկը չի բացառել, որ խնդիրը կարող էր կապված լինել ոչ միայն եղանակի հետ։
Նախազգուշացման համակարգն արդեն բախվել է խափանումների։ Ուկրաինայի Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը հայտարարել է, որ տեղեկատվությունը երբեմն չի հասնում հասցեատերերին։ Ըստ նրա՝ եթե այս անգամ տեխնիկական խնդիրներ են առաջացել, մասնագետները կկարողանան իրավիճակը պարզել գործընկերների հետ համատեղ։
Դեպքի ֆոնին պահպանվում է անորոշությունը ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հետախուզական տվյալների փոխանակման հարցում։ Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ Վաշինգտոնը կրկին սպառնացել է սահմանափակել հետախուզական տվյալների փոխանցումը, եթե Կիևը չդադարեցնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Զելենսկին հրապարակայնորեն չի հաստատել նման սպառնալիքի առկայությունը։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ էներգետիկ հրադադարի մասին հայտարարությունից հետո երկու օրվա ընթացքում Ուկրաինան հարվածներ չի հասցրել ռուսական նավթավերամշակման ձեռնարկություններին և էներգետիկ ենթակառուցվածքին։ Միևնույն ժամանակ, Զելենսկու ասելով, ռուսական զորքերը շարունակել են հարձակումները․ այդ երկու օրում երկրի 19 շրջաններում հարվածի տակ են հայտնվել կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներ։
Երեքշաբթի Թրամփը լրագրողներին վստահեցրել է, որ ԱՄՆ-ը չի դադարեցրել Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը։ Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններին։





























