Հայաստանում երեկոն դադարում է ձանձրալի լինել: Այսպես, մեկ արտահայտությամբ բնորոշեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը, մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` կոալիցիա չկազմելու մասին հայտարարությունից հետո երկրի քաղաքական կյանքում ստեղծված իրավիճակը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը:
Այսպիսով, ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը գրաված քաղաքական ուժը հրաժարվել է կոալիցիայի կազմում ընդգրկվել:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն, ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն, ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն, «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն, ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն, ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն:

























